Լուրեր
ԵԱՏՄ երկրները դոլարի օգտագործումը նվազեցրել են մինչև 21 տոկոս
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների փոխադարձ հաշվարկներում դոլարի օգտագործումը նվազել է մինչև գործարքների ընդհանուր ծավալի 21%-ը, իսկ ազգային արժույթով վճարումները հասել են մոտ 75%-ի։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

ՌԴ վարչապետ Միշուստինն էլ կոչ է արել արագացնել անցումը ԵԱՏՄ-ում ազգային արժույթներին: Սա, ըստ վարչապետի, կնվազեցնի պատժամիջոցների ազդեցությունը «հնգյակի» տնտեսությունների վրա:

«Փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացման հարցը ԵԱՏՄ-ի օրակարգում է եղել իր ստեղծման օրվանից։ Այս ընթացքում Միության երկրների միջև ազգային արժույթով վճարումները հասել են գործարքների ընդհանուր ծավալի մոտ 75%-ին, իսկ դոլարի օգտագործումը նվազել է մինչև 21%»,- ասել է նա։

ԵԱՏՄ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Միության պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից։ 2018 թվականին Մոլդովան ստացել է դիտորդ պետության կարգավիճակ, 2020 թվականին՝ Ուզբեկստանն ու Կուբան։
| Print |