Կրթություն
«Սովորելու ժամանակ միշտ կա». 45-ամյա դիմորդն Ախալցիխեից
«Նրանից հետո, երբ ամուսինս մահացավ, և ես մենակ մնացի, ավելի շատ հասկացա, թե ինչ կարևորություն ունի մարդու, կնոջ համար, սեփական հնարավորությունների առավելապես օգտագործումը... Ուսումը, բարձրագույն կրթություն ստանալը, իսկ ես զրկված էի այս ամենից»,- Ախալցխացի Մեգի Թաթեշվիլին որոշել է բարձրագույն կրթություն ստանալ 45 տարեկանում։ Յոթ երեխաների մայրը և երկու թոռնիկների տատիկը ցանկանում է մասնագիտություն ունենալ և այդ նպատակով գրանցվել է միասնական ազգային քննություններին:

«Որոշումը կայացրել եմ գրանցման վերջին օրը։ Ես մանկապարտեզում ուսուցչի օգնական եմ և ուզում եմ ուսուցիչ դառնալ։ Ուզում եմ լինել հաջողակ կին և մայր: Չնայած բազմաթիվ խոչընդոտներին, այնուամենայնիվ որոշեցի կոտրել կարծրատիպերը և այս կերպ ցույց տալ բոլորին, այդ թվում՝ ինձ, որ եթե նպատակ ունես, իսկապես ցանկանում ես, տարիքն ընդհանրապես ոչինչ չի նշանակում»,- պատմում է Մեգին։

Մեգին արդեն հանձնել է բոլոր երեք քննությունները։ Նրա համար բարդ չեն եղել Վրաց լեզվի և գրականության և օտար լեզվի հարցերը: Համեմատաբար բարդ էր պատմությունը, որին պատրաստվելու համար նա ընդամենը երկու ամիս ուներ։ Չնայած դրան, Մեգին հույս ունի դառնալ տարրական կրթության մասնագիտության ուսանողուհի:

«Վրացերենի հարցերի թվում էր «Ընձենավորը» և Ակակի Ծերեթելիի «Ռոստոմ Էրիսթավին»: Այս պատմվածքը նախկինում չէի կարդացել, երեք անգամ վերընթերցեցի ու գրեցի։ Թեման էր՝ ամբարտավան մարդը սպանում է և՛ ուրիշներին, և՛ իրեն։ Պատմվածքը համապատասխանում էր վերնագրին, կարծում եմ նորմալ եմ գրել։ Պատմության քննությունում ծով նյութ կար, նույնիսկ մեկ տարին չէր հերիքի պատրաստվելու համար»։

Մեգի Թաթեշվիլիի յոթ երեխաներից ավագը 26 տարեկան է, իսկ փոքրը՝ 11 տարեկան։ Մոր հետ միասին հինգերորդ երեխան հանձնում է ազգային քննությունները, իսկ ավագ աղջիկը պատրաստվում է մագիստրատուրայի քննությանը։

Քննություններին մասնակցում են ընտանիքի երեք անդամներ։ Ավագ դուստրս ավարտել է պետական կառավարման ֆակուլտետն ու այժմ մագիստրատուրայի քննություն է հանձնում։ Հինգերորդ երեխաս դիմորդ է և հանձնում է ընդունելության քննությունները։

Բազմազավակ մայրը 25 տարի առաջ ստիպված է եղել դադարեցնել ուսումը: Ամուսնանալուց հետո, երբ ծնվեցին նրա առաջին և երկրորդ երեխաները, նա այլեւս չէր հասցնում համալսարան հաճախել և միևնույն ժամանակ հոգ տանել իր ընտանիքի մասին, ուստի ստիպված էր ընտրություն կատարել։

«1995 թվականին ընդունվել եմ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Երբ ընտանիք կազմեցի և երկու երեխա ունեցա, ամուսինս ասաց, որ հեռանամ համալսարանից։ Երկրորդ կուրսից չկարողացա շարունակել ուսումս։ Շատ էի մտահոգվում, բայց ընտանիքը առաջնային է»:

Նա որոշեց արմատապես փոխել իր կյանքը ամուսնու մահից հետո։ Մեգին սկսեց իրականացնել իր երազանքները։ Երեխաները չեն զարմանում մոր որոշումներից:

Ոչ էլ ապշել են, երբ մայրը 2022 թվականին ընդգրկվել է պահեստազորի շարքերում։ Պահեստազորի զինծառայողների ինտենսիվ մարտական պատրաստությունն ընդգրկում է տարեկան մինչև 45 օր։ Դասընթացի հիմնական նպատակն է, որպեսզի պահեստազորայինները դաշտային հավաքներում սովորեն իրական մարտական հմտություններ:

«Երբ լսեցի այդ մասին, ոգևորվեցի։ Պարզեցի, որ շատ կանայք են գրանցվել ու գոհ են մնացել։ Գրանցվեցի, բուժզննում անցա ու կարծում եմ՝ ճիշտ քայլ արեցի։ Մենք պետք է զենք ապամոնտաժել ու հավաքել իմանանք, հետո ինչ, որ կին եմ: Աստված չանի, բայց եթե ինչ-որ բան պատահի, իմ երեխաներին ոչ ոք տանը չի թողնի, ես էլ պատրաստ կլինեմ ու երեք քաջերիս հետ կգնամ մարտի դաշտ ու կպաշտպանեմ հայրենիքս։ Ամուսինս նույնպես զինվոր էր, նրա աշխատանքն էլ ազդեցություն գործեց իմ որոշման վրա»:

«Քո ինչ սովորելու ժամանակն է», - այս արտահայտությունը մեկ անգամ չէ, որ ասվել է 45-ամյա ուսանողին։ Մեգիին լուրերը չեն վախեցնում, քանի որ նա կարծում է, որ զարգացման և մասնագիտական աճի համար երբեք ուշ չէ, իսկ կրթություն ստանալու համար տարիքային սահմանափակում չկա։ Նա երիտասարդներին, հատկապես աղջիկներին կարևոր խորհուրդ է տալիս՝ -«Անպայման հոգ տանել ձեր զարգացման, կրթության մասին: Սա անհրաժեշտ է, գիտությունը լույս է, անգիտությունը՝ խավար»:
| Print |