Ռուսաստանը ներկայումս օկուպացրել է Ուկրաինայի տարածքի 20 տոկոսը, – ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լյուքսեմբուրգի ժողովրդին ուղղված տեսաուղերձում։
«Ռուսական բանակը ներխուժել է Ուկրաինայի 3 620 բնակավայր։ Դրանցից մեզ հաջողվել է ազատագրել 1017-ը, 2603-ը դեռ պետք է ազատագրենք։ Այսօրվա դրությամբ օկուպանտները վերահսկում են մեր տարածքի 20 տոկոսը՝ գրեթե 125 հազար քառակուսի կիլոմետր: Սա շատ ավելին է, քան Բենիլյուքսի երկրները միասին վերցրած»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով, Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմը սկսել է շատ ավելի վաղ՝ 2014 թվականին:
Ուկրաինայի Գլխավոր շտաբի առավոտյան հաղորդագրության մեջ ասվում է, որ՝
- Գիշերը Ռուսաստանի Դաշնության տարածքից գնդակոծվել են Ուկրաինայի սահմանամերձ Սումիի և Չեռնիգովի շրջանների բնակավայրերը։
- Սեվերոդոնեցկում մարտերը շարունակվում են։ Ռուսական զորքերը շարունակել են քաղաքի ներսում գրոհային գործողությունների իրականացումը։
- Մարտեր են ընթանում նաև Բախմուտի ուղղությամբ՝ Կամիշևախա գյուղում։ Ռուսները փորձում են այն վերցնել իրենց վերահսկողության տակ և ունեն որոշակի հաջողություններ։ Սակայն, միևնույն ժամանակ ռուսական կողմի համար անհաջող են անցել Նագորնոյե և Բելոգորովկա բնակավայրերը գրոհելու փորձերը։ Լիմանի ուղղությամբ հակառակորդը մարտեր է սկսել Ռայգորոդոկ բնակավայրի ուղղությամբ, բայց կրկին կորուստներ կրելով նահանջել է։
- Ռուսաստանը մարտի դաշտում օգտագործում է նույնիսկ ՌԴ ԱԻՆ-ին պատկանող անօդաչու թռչող սարքերը՝ բոլոր ուղղություններով ԱԹՍ-ների ունեցած լուրջ կորստի պատճառով։