Քաղաքականություն
Չենք կարող Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել. Ղարիբաշվիլի
Վրաստանը մասնակցում է Ռուսաստանի Դաշնության դեմ Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված միջազգային պատժամիջոցներին, սակայն չի կարող Ռուսաստանի դեմ սահմանափակումներ իրականացնել՝ հաշվի առնելով ազգային շահերը։ Այդ մասին երեքշաբթի օրը Կատարի տնտեսական համաժողովում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Մենք՝ վրացիներս, շատ բնական հանգամանքների պատճառով չենք կարողանա ազգային տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, քանի որ ունենք մեր ազգային շահերը, մարտահրավերները մեր անվտանգությանը, տնտեսությանը: Սա է մեր շարժառիթը»,- ասել է Ղարիբաշվիլին, որի ելույթը հեռարձակվել է Facebook-ում Վրաստանի կառավարության էջում:

Նա նաև հավելել է, որ կառավարությունը քաղաքական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, և ոչ մի ընկերություն, որի դեմ պատժամիջոցներ են սահմանվում, չի կարողանա շրջանցել դրանք Վրաստանի տարածքով։

«Իհարկե, քաղաքականապես մենք աջակցում ենք Ուկրաինային միջազգային հարթակում: ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում մենք միացել ենք 260 բանաձևերի: Բնականաբար, մենք միջազգային, համաշխարհային ֆինանսական համակարգերի անդամներ ենք: <…> Մենք շատ հստակ ասել ենք, որ ընկերությունները պատժամիջոցներից խուսափելու հնարավորություն չեն ունենա»,- ասել է նա։
| Print |