Քաղաքականություն
Ադրբեջանը փորձում է նոր պատերազմ հրահրել. Փաշինյան
Ադրբեջանը փորձում է խաթարել խաղաղության օրակարգը, խաղաղ բանակցությունների գործընթացը և տարածաշրջանում նոր պատերազմ հրահրել, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ պատերազմ հրահրելու հետ մեկտեղ Ադրբեջանը ցանկանում է հայերին վտարել Լեռնային Ղարաբաղից։ Փաշինյանի խոսքով, Ադրբեջանը հավաստիացնում է միջազգային հանրությանը, որ Լաչինի միջանցքը չի փակվել, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ չի ընդհատվել, թեև Հայաստանը հակառակն է պնդում։

«Մեր ունեցած տեղեկություններով՝ Բաքվի ծրագիրը հետևյալն է՝ տնտեսական և հոգեբանական ճնշումը հասցնել որոշակի գագաթնակետի, որից հետո միջանցքը մի քանի օրով կբացվի՝ ակնկալելով Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային ելքը, իսկ հետո մի քանի օրով կփակվի ու կվերաբացվի։ Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ վերջին հայը չի հեռանա Լեռնային Ղարաբաղից»,- ասել է Հայաստանի վարչապետը։

Փաշինյանի խոսքով, տարածաշրջանի բոլոր խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելն այլընտրանք չունի, և հայկական կողմն այս տրամաբանությամբ է առաջնորդվելու։
| Print |