Ռուսաստանի հետ սահմանները պետք է ժամանակավորապես փակվեն. Գախարիա
Նախկին վարչապետ Գիորգի Գախարիան կառավարությանը կոչ է անում միակողմանիորեն ժամանակավորապես փակել Ռուսաստանի հետ սահմանը։
«Ես կոչ եմ անում Վրաստանի կառավարությանը հրավիրել Անվտանգության խորհուրդ և պաշտպանել երկրի շահերը։ Հաշվի առնելով անկանխատեսելի իրավիճակը և պետության անվտանգությունը պաշտպանելու նպատակով՝ ժամանակավորապես փակել Ռուսաստանի հետ սահմանները։ Վտանգն իրական է։ Վրաստանի պետական սահման-Լարսի անցակետը էսկալացիայի գոտուն ամենամոտ կետն է։ Խաղաղությունը պահպանելու համար անհրաժեշտ է ժամանակին գործողություններ ձեռնարկել»,- գրել է Գախարիան Facebook-ում։
Ռուսաստանում իրավիճակը սրվեց հունիսի 23-ին, երբ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մեղադրեց ՌԴ ՊՆ-ին իր ստորաբաժանման վրա հրթիռային հարձակման մեջ։ Պրիգոժինի խոսքով՝ այս հարձակումը բազմաթիվ զոհեր է տվել «Վագների» շարքերում։ Պրիգոժինն ասել է նաեւ, որ իր տրամադրության տակ գտնվող 25000 մարտիկներով մեկնել է «արդարությունը» վերականգնելու։