Տնտեսություն
Ալյուրի ներկրման համար ժամանակավոր ներմուծման տուրք կսահմանվի
Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում հացահատիկի, ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիաների և հաց արտադրողների միության ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը տարածում է շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։

Ըստ գործակալության՝ հանդիպմանը նախարար Օթար Շամուգիան խոսել է վրացական ցորենի մրցունակությունը բարձրացնելու և, համապատասխանաբար, դրա վաճառքը տեղական շուկայում խթանելու նպատակով մշակված որոշման մասին, որի համաձայն՝ Վրաստանի կառավարությունը նախատեսում է ներմուծվող ալյուրի համար ժամանակավորապես ներմուծման տուրք գանձել, որը հավանաբար ուժի մեջ կմտնի հունիսի 10-ից։

Նախարարն ընդգծել է երկրում ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացման կարևորությունը և նշել, որ վերջին երկու տարում տեղական ցորենի արտադրությունն աճել է 60%-ով, և ակնկալիք կա, որ ապագայում կպահպանվի ներկայիս դինամիկան։

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում մենք ինտենսիվ հանդիպումներ ունեցանք ոլորտում ներգրավված բոլոր ներկայացուցիչների հետ և պայմանավորվեցինք այնպիսի պայմանների շուրջ, որոնք մի կողմից ապահովում են հացի գնի պահպանումը երկրում, մյուս կողմից ալրաղացները կարող են աշխատել մրցակցային պայմաններում, և որ ամենակարևորը՝  գյուղացիներն անխափան բերք կհավաքեն։ Ըստ այդմ, հաջորդ շաբաթ Վրաստանի կառավարություն կներկայացվի որոշման նախագիծ, ըստ որի ալյուրի ներկրման համար լրացուցիչ վճար կսահմանվի 5 ամիս ժամկետով։ Մենք մշտապես հետևելու ենք շուկայի իրավիճակին և համապատասխան քայլեր ենք ձեռնարկելու։ Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ մեր հիմնական խնդիրը հացի գնի պահպանումն է և, միևնույն ժամանակ, նոր բերքի իրացումը սահուն իրականացնելը»,- ասաց Օթար Շամուգիան։

Բիզնես ոլորտի ներկայացուցիչներն ընդգծեցին, որ ընդունված որոշումը հավասարակշռված դիրքորոշում է և այնպես կկարգավորի ներկա իրավիճակը, որ հացի գինը չթանկանա։

Հացի արդյունաբերության միության նախագահ Մալխազ Դոլիձեի խոսքով՝ համաձայնեցված որոշման արդյունքում հացը չի թանկանա։

Հացահատիկ արտադրողների ասոցիացիայի նախագահ Նիկոլոզ Բենիաիձեն նշել է, որ որոշումը կնպաստի տեղական ցորենի գնմանը, և ֆերմերները կկարողանան վաճառել ինչպես հին, այնպես էլ նոր բերքը։
| Print |
თეგები: ալյուր / ներկրում / տուրք / ցորեն /