Գյուղատնտեսություն
«Ճնշված գյուղ ենք»,- Մեծ Պամաճի բնակչությունը
Միացված գյուղերի շարքում, Մեծ Պամաճ գյուղը Փոքր Պամաճից տարբերվում է ենթակառուցվածքով: : Գյուղը գտնվում է Ախալցիխեից 11կմ հեռավորությամբ: Տեղացիները բողոքում են անուշադրության պատճառով:

Մեծ Պամաճի բնակչության ժամանցի վայրը գյուղի կենտրոնում գտնվող խանութի դիմացի սեղանն ու նստարանն է: Տեղացիներն ասում են, որ նրանց բազմաթիվ խնդիրների ցանկում առաջինը՝ անգործությունն է:

Երիտասարդ տղամարդուն, ով Լեհաստանից է եկել, հանդիպեցինք գյուղի «բիրժայում» շախմատ խաղալու ժամանակ: Գյուղը թողել է անգործության պատճառով և աշխատելու համար գնացել է արտասահման: Արսեն Մարգարյանը ի տարբերություն համագյուղացիներին, Ռուսաստանի փոխարեն նախընտրել է Լեհաստանը:

«Գյուղում խմելու ջուր կրում ենք դույլերով, բոլոր գյուղերն ասֆալտապատված են, միայն մենք ենք մնացել և հիմա են սկսում վերանորոգել: Նորից գնում եմ, այստեղ մնամ ի՞նչ անեմ»,- ասում է Արսեն Մարգարյանը:

70-այմա Համբարձում Համբարձումյանը, սեփական այգում հավաքում էր դեղին խնձորները և հատ-հատ զամբյուղը շարում: Ասում է, որ առաջին հերթին նրան անհանգստացնում է ոռոգման խնդիրը, քանի որ ջրի պակասի պատճառով բերք քիչ է ստանում:

«Բերքը հերիքում է միայն տանը, ուտելու համար: Խնձոր էլ այնքան չկա, որ վաճառեմ: Շատ դժվար է գյուղում ապրելը: Առաջին հերթին պետք է լուծվի ոռոգման հարցը, մնացածը՝ մի բան կլինի»:

Ի տարբերություն Համբարձում Համբարձումյանի, միայնակ թոշակառուն գոյատևում է անասնապահությամբ: 80-ամյա Տունարա Պետրոսյանը ապրում է մենակ: Նրա որդիները և թոռները տեղափոխվել են Ռուսաստան:

«Այստեղ գործ չկար: Անգործ հո մնալու չէին, դրա համար գնացին Ռուսաստան: Երիտասարդների գնալով գյուղը դատարկվում է: Ամեն օր գյուղից մարդ է գնում: 180 տանից 70-ը փակված է»,- պատմում է Տունարան:

Մեծ Պամաճի բնակչությունը իրենց համարում են ճնշված, քանի որ.

«Գյուղից արտասահման գնացող տեղացիները «գյուղին համապատասխան չեն խնամում»: Իսկ Փոքր Պամաճում շատ հարուստներ են ապրում: Գյուղից մարդիկ փախչում են: Իսկ այս ամենը անբարենպաստ պայմանների և անգործության պայտճառով է»,- պատմում են տեղացիները:

Մեծ Պամաճի բնակչությունը անուշադրություն զգում է նաև տեղական իշխանության կողմից: Կարծում են, որ ոչինչ չի ստացվի, եթե հարևան գյուղի նման Մեծ Պամաճում էլ չհայտնվեն հարուստ համագյուղացիներ: Գյուղապետը 9-րդ ալիքի մոտ հերքում է ոռոգման խնդիրը:

«Գյուղում ոռոգման խնդիր չկա: Կենտրոնական ճանապարհը ասֆալտապատված է: Ներքին ճանապարհները հիմա են վերանորոգում: Ուրիշ ի՞նչ կարող եմ անել, որ գյուղից չհեռանան: Սոված հո մնալու չե՞ն, գնում են, որ գումար աշխատեն»,- ասում է Մեծ Պամաճի գյուղապետը:

Ըստ Կարլեն Կարախանյանի, այս փուլում Մեծ Պամաճ գյուղի խնդիրների լուծում չի նախատեսվում:

| Print |