Գյուղատնտեսություն
«Պատերազմի ժամանակ ավելի լավ էինք ապրում»,- գյուղացիներ
Թանկացած սննդամթերքը, գործազրկությունը, համաճարակի պատճառով առանց եկամուտի և պետական օգնության մնացած բնակիչները, աճող միգրացիան և տարիներ շարունակ չլուծված ենթակառուցվածքային խնդիրները – սա Ախալքալաքի մունիցիպալիտետի Կորխ գյուղի իրականությունն է:

Իշխան Հակոբյանը ծնվել և մեծացել է Կորխ գյուղում: Ասում է, որ գործազրկության և կենցաղային տարրական պայմանների բացակայության պատճառով գյուղն օրեցօր դատարկվում է: Միջին տարիքի տղամարդու հիմնական հոգսը փակ տներն են և երկրում առկա ծանր հասարակական-քաղաքական իրավիճակը:

«Պատերազմի ժամանակ ավելի լավ էինք ապրում, քան հիմա: Շատ ծանր իրավիճակում ենք, աշխատանք չկա, մարդիկ խեղդվում են վարկերում: Կեսից շատը փակել են տներն ու գնացել այլ պետություն: Ես էլ չունեմ այլ ելք, պատրաստվում եմ գնալ Ռուսաստան»,- ասում է Իշխան Հակոբյանը:

Բնակչության միգրացիայի մակարդակը Սամցխե-Ջավախքում տարեցտարի ավելանում է: Ըստ 2002 թվականի մարդահամարի տվյալների, Կորխում բնակվում էր 923 մարդ, իսկ 2014-ին քաղաքացիների թիվը կրճատվեց ՝ հասնելով 446-ի: Միգրացիայի պատճառտեղացիները համարում են գործազրկությունը, աղքատությունը և լարիի արժեզրկումը:
Տեղացիների խոսքով ՝ գաղթի հիմնական պատճառը գյուղում ապրուստի ծանր պայմաններն են: Կորխում բողոքում են ոռոգման ջրի սակավությունից: Ըստ գյուղացիների, ամռանը շատերը ջուր չեն ստանում, այդ իսկ պատճառով մշակված հողամասերի ոռոգումը կախված է միայն անձրևից: Համաճարակի և գյուղական ապրանքի արժեզրկման պատճառով, առանց այն էլ վնասված բերքը Կորխի բնակիչները վաճառել չկարողացան:

«Մարնեուլիում հավաքած բերքը չեն կարողացել վաճառել և անգամ դա են բողոքել: Իսկ մենք արդեն երկրորդ տարին է, ինչ չենք կարող վաճառել մեր բերքը: Ում դիմենք, իմաստը ո՞րն է, միևնույն է, ոչ ոք չի օգնում մեզ»,- ասում է Յուրիկ Մակարյանը:

Մեկ այլ խնդիր, որի վերանորոգման համար գյուղացիները տարիներ է, ինչ անհանգստացած են, ճանապարհն է: Բացի ասֆալտապատ ճանապարհից, նրանք բողոքում են նաև գյուղում բժշկական կետի բացակայությունից:
«Մենք ոչ բժիշկ ունենք, ոչ բուժքույր, շտապօգնությունը ժամերով ուշանում է: Տրանսպորտ չկա, անձնական մեքենա ոչ բոլորն ունեն, որ կարողանան քաղաք գնալ», - ասում է Սարգիս Մակարյանը:

72-ամյա Սեդա Հովսեֆյանը պատմում է գյուղի ծանր կյանքի և բնակչության սոցիալական դրության մասին: Ասում է, որ համաճարակն ավելի է խորացրել կորխցիների հոգսերը:

«Ես և իմ 80-ամյա ամուսինը թոշակառուներ ենք: Ստացած գումարը անգամ դեղորայքի համար չի հերիքում: Ոչ թե ապրում, այլ գոյատևում ենք»:

Տեղական կառավարությունը քաջատեղյակ է Կորխ գյուղում առկա խնդիրների մասին: Գյուղի հոգաբարձուն ասում է, որ բոլոր հարցերն արդեն ներկայացվել են Ախալքալաքի քաղաքապետարան: Դեռևս, Գառնիկ Ղանդիլյանը ոչինչ չի խոստանում գյուղացիներին, քանի որ համաճարակի և կրճատված ֆինանսների պատճառով աշխատանքները նույնիսկ չեն նախատեսվում սկսել:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Արագվի համայնքի գյուղը քաղաքից 9 կիլոմետր հեռավորության վրա է: Կորխը գտնվում է ծովի մակարդակից 1,660 մետր բարձրությամբ:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |
თეგები: խնդիր / Կորխ / Համաճարակ / Սահման /