Գյուղատնտեսություն
Տաբածղուրի - գյուղ չօգտագործված ներուժով
Վրաստանի հարավում ծովի մակարդակից մոտ 2000 մետր բարձրության վրա գտնվում է Տաբածղուրի գյուղը, որը հայտնի է համանուն լճով: Ջավախքի բարձրավանդակում են գտնվում Տաբածղուրի լիճը և բնակավայրը։ Պատկանում է Բորժոմի քաղաքապետարանին և սահմանակից է Ախալքալաքի գոտուն։

Սուսանա Հակոբյանը, արդեն 46 տարի հոգ է տանում երկու գյուղերի՝ Տաբածղուրիի և Մոլիթի բնակչութան առողջության մասին: Գյուղի բուժքույրը 1000-ից ավելի մարդկանց հույսն է: Նա շատ է սիրում սպիտակ շորերը, թեև ձմռանը սկսում է մտածել աշխատանքից հրաժարվելու մասին: Առատ ձյան պատճառով գյուղերը ամիսներով փակվում են, իսկ Տաբածղուրիից մինչև Մոլիթի, հիվանդներին հաճախ հասնելու համար ստիպված են մի քանի կիլոմետր քայլել։ «Գլխավորը ճանապարհ ունենալն է»,- ասում է Սուսանա Հակոբյանը, ով կարծում է, որ նորմալ ճանապարհը կօգնի գյուղում զարգացնել զբոսաշրջությունը։

«Գյուղում կա մի քանի ընտանեկան հյուրանոց, որտեղ կարող են հյուրեր ընդունել: Մարդիկ շատ գոհ են գնում այստեղից: Մենք էլ գոհ կմնանք, եթե հնար լինի, որ շատերը գան: Առաջին հերթին կարևոր է, որ ճանապարհ լինի գյուղում: Երբ զբոսաշրջիկները գալիս են, ասում են, որ ամեն ինչ շատ լավ է, բայց ոչ ճանապարհը»,- ասում է տեղացի բուժքույր՝ Սուսանա Հակոբյանը:

Գյուղն ունի մոտ 870 բնակիչ։ Տեղի բնակիչների գրեթե 99%-ը ազգությամբ հայեր են։ Նրանք զբաղվում են հիմնականում կարտոֆիլագործությամբ, անասնապահությամբ և ձկնորսությամբ։ Տաբածղուրիի բնակիչներն ասում են, որ վերջին շրջանում դժվարանում են իրենց ապրուստը ապահովել գյուղատնտեսության միջոցով: Ապրանքների գների բարձրացումը բացասաբար է ազդել նրանց առանց այն էլ չնչին եկամուտների վրա, քանի որ երկրում ամեն ինչ թանկացել է, բացի գյուղական արտադրանքից։

Գյուղը, որտեղ ձմեռը երեք ամսից շատ ավելի երկար է, ձյան առատ տեղումների պատճառով ամիսներով կտրված է աշխարհից։ Վաթտար ենթակառուցվածքների պատճառով խնդիրն արդիական է տարվա բոլոր չորս եղանակներին։ Ըստ տեղացիների՝ ճանապարհը զգալիորեն խոչընդոտում է Տաբածղուրիում զբոսաշրջության զարգացմանը։ Հետաքրքիր գյուղում, որը այցելուներին զարմացնում է տարվա ցանկացած եղանակին, չկա զբոսաշրջային ենթակառուցվածք։ Տեղացիները կարծում են, որ եթե պետությունն այստեղ զբոսաշրջիկների համար գրավիչ նախագծեր իրականացնի, ապա բնակչությունը եկամուտի ևս մեկ՝ անվերջ աղբյուր կունենա։ 
Տաբածղուրիում չկա նաև մանկապարտեզ: Այստեղ գյուղատնտեսությունից բացի, ոչինչ չկա, որ գոնե տեղացիները աշխատեն և ընտանինքները այսպիսով պահեն: Այդ իսկ պատճառով բնակավայրը աստիճանաբար դատարկվում է երիտասարդներից: Քանի որ բնակչության զգալի մասը հայերն են, նրանք գնում են Ռուսաստան, արտագնա աշխատանքների:

«Գնում են արտասահման, քանի որ այստեղ գործ չկա: Հիմա տոմսերը շատ թանկ արժեն: Հայաստանից Ռուսաստան տոմսն արժը 40 000 ռուբլի, իսկ սա 1000 լարիից ավելի է»,- նշում է Ռոլանդ Օվակիմյանը:

Տաբածղուրիի համայնքում Բորժոմիի քաղաքապետի ներկայացուցիչ Ռաշիդ Խաչատուրյանը չի հերքում, որ գյուղում գործազրկության խնդիր կա: Նա ասում է, որ այն, ինչ կարող է անել պետությունն այս փուլում, սոցիալապես անապահով բնակչությանն աջակցելն է։

«Այսօր ես ստացել եմ սոցիալապես անապահով ընտանիքների տվյալները, և այդ ընտանիքները աշխատանքի են ընդունվելու։ Բնակչության մնացած մասն ապրում է նորմալ»,- ասաց Ռաշիդ Խաչատրյանը։

Քաղաքապետի ներկայացուցչի խոսքով՝ գյուղի աջակցության ծրագրով իրականացվող ծրագրերն ընտրում է հենց բնակչությունը։ Նրա խոսքով, այս տարի բնակչության համար մանկապարտեզի կառուցումն առաջնահերթություն չէ: Նրանք պետք է ընտրություն կատարեն գյուղի գերեզմանատան ցանկապատելու և ծիսական տան միջև։

Ինչ վերաբերում է ճանապարհի վերանորոգմանը, Խաչատրյանն ասում է, որ 2 կմ երկարությամբ ճանապարհի վերանորոգման համար արդեն մրցույթ է հայտարարվել։ Մինչև գյուղ տանող ճանապարհի վերականգնումը կավարտվի այս տարի։

«Շատ քիչ է մնալու, և դա էլ կանենք հաջորդ տարի։ Նախատեսված է արդեն: Գլխավորը ճանապարհը կառուցելն է, հետո ամեն ինչ լավ կլինի»,- ասում է քաղաքապետի ներկայացուցիչը։Ճանապարհի վերանորոգմամբ Տաբածղուրիում մի քանի խնդիրներ կվերացվեն: Լիճը տեսնելու համար գյուղ այցելող զբոսաշրջիկների թիվը կավելանա, ինչն իր հերթին պահանջում է ընտանեկան հյուրանոցների ավելացում։ Տեղացիները եկամտի նոր աղբյուր կունենան: Այցելուների հոսքի ավելացման դեպքում, ամենայն հավանականությամբ, կառավարությունը կքննարկի նաև զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը, ինչը երկրին թույլ կտա օգտագործել Սամցխե-Ջավախքում գտնվող յուրօրինակ գյուղի ներուժը։
| Print |