Հասարակություն
Հայաստան-Ռուսաստան կանոնավոր չվերթերը կբացվեն. ինչ են պարտավոր անել Հայաստան եկածները
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ԱԺ պատգամավորներին է ներկայացնում արտակարգ ռեժիմի սահմանափակումների թուլացման ու խստացման նոր կանոնները:

Մայիսի 15-ից ՌԴ - Հայաստան կանոնավոր չվերթերը կվերականգնվեն: ՀՀ քաղաքացիները կկարողանան վերադառնալ Հայաստան։ Տեղեկությունն այսօր ԱԺ-ում արտակարգ դրության երկարաձգման հարցով հրավիրված արտահերթ նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
Ընդ որում` վերադարձողներն, Ավինյանի խոսքով, արդեն ոչ թե կմեկուսացվեն, այլ կինքնամեկուսանան:

«Արդեն իսկ կգործի ինքնամեկուսացման պարտադիր ռեժիմի պահպանման ամենախիստ ռեժիմ»,- հայտնեց Ավինյանը:

Կանոնավոր մյուս չվերթերը, Ավինյանի խոսքով, կվերաբացվեն հունիսի կեսից ոչ շուտ՝ կախված այդ պահին ՀՀ-ում ու աշխարհում կորոնավիրուսային իրավիճակից:

ՀՀ ցամաքային սահմանների վերաբացման վերաբերյալ ևս այս պահին նոր որոշում չկա:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունն առաջարկում է մարտի 16-ից ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել ևս մեկ ամսով՝ մինչև հունիսի 13-ը, ժամը 17:00-ն ներառյալ:

Կառավարության ընդունած որոշումն այժմ քննարկվում է նաև ՀՀ ԱԺ արտահերթ նիստում:

Նշենք, որ արտակարգ դրության նոր ռեժիմը ենթադրում է ինչպես որոշ թուլացումներ, այնպես էլ խստացումներ:

| Print |