Նյութեր գործընկեր լրատվամիջոցներից
Կորոնավիրուսի ախտորոշման համար Հայաստանում բնակչության զանգվածային թեստավորում կսկսվի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, նշեց, որ այսուհետ օրական կորոնավիրուսի ախտորոշման հազար թեստ է անցկացվելու։

Նրա խոսքով՝ ներկայում օրական 250-300, առավելագույնը՝ 400 թեստ է արվում, բայց այս թիվը պետք է ավելացվի հենց այս շաբաթ։

«Գուցե դա հնարավոր լինի նաև վաղը կամ մյուս օրը, բայց ուրբաթ օրվանից վստահաբար մենք խնդիր ենք դրել օրը հազար թեստ կատարել»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս նպատակով մեծ քանակի՝ մոտ 70 հազարի հասնող ախտորոշման թեստեր են գնվում։

Բացի այդ, այսօր կառավարության նիստում որոշում է կայացվել հատկացում կատարել նաև թեստերի տեղական արտադրության համար։

Արդեն 550 հազար դոլարի հատկացում է կատարվել Մոլեկուլային կենսաբանության ինսիտուտին՝ հումքը ձեռք բերելու և արտադրությունը սկսելու համար։ Մասնագետները վստահեցրել են վարչապետին, որ այս հարցում հաջողելու են։

Պատասխանելով օգտատիրոջ հարցին՝ վարչապետը նշեց, որ ըստ էության, ստացվում է, որ բնակչության զանգվածային թեստավորում է արվելու։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 833–ի։ Վերջին մեկ օրվա ընթացքում վարակակիրների թիվն ավելացել է 11–ով։ Արձանագրվել է մահվան 8 դեպք:

| Print |