Ադրբեջանցի զինվորների նվաստացուցիչ վերաբերմունքը հայ ծերունու նկատմամբ
19.11.2020
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ադրբեջանական զինվորականները նվաստացնում են տարեց հայ մարդու, բացառիկ ցինիզմով նրան ենթարկում անմարդկային վերաբերմունքի:
«Դա անում են միայն այն բանի համար, որ մարդն էթնիկ հայ է. ատելությունն Ադրբեջանում այնքան համակարգված է ու պետական մակարդակով այնքան բարձր է խրախուսվում, որ այս զինվորականներին չի հետաքրքրում, որ մարդն անօգնական է, տարեց է և ունի մարդկային արժանապատվություն,– գրում է Թաթոյանը, –հակառակը՝ նրանք մարդկանց արժանացնում են այսպիսի վերաբերմունքի, տեսագրում կամ լուսանկարում ու հետո դա լայնորեն տարածում սոցիալական ցանցերով՝ սեփական հասարակությունում գովեստի ու թվացյալ «հերոսության» արժանանալու համար»:
Թաթոյանն ընդգծում է, որ այդ արարքը ոչ թե մի խումբ զինծառայողների առանձին հանցագործություն է, այլ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական լայնածավալ ու պետական բարձր մակարադակով խրախուսվող հանցավոր արարքների՝ խոշտանգումների ու վայրագությունների, դաժանությունների համակարգի անբաժան բաղադրիչ:
Նրա խոսքով` սա հերթական ապացույցն է, որ հաստատում է ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների ու ցեղասպանության համակարգված ադրբեջանական քաղաքականությունն Արցախում:
Ջոնիկ Թևոսյանի ընտանիքի անդամները դիմել են աշխատակազմ՝ խնդրելով աջակցել իրենց հարազատի իրավունքների պաշտպանության հարցում: Մենք եղած տվյալները փոխանցել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ խնդրելով հնարավորինս արագ ապահովել ԱՀ քաղաքացու կյանքի ու այլ իրավունքների պաշտպանությունը՝ ըստ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի:
Այս տեսանյութով ևս մեկ անգամ դրսևորվում է Ադրբեջանում տիրող հայատյացության տրամադրությունների համակարգային ու խորքային բնույթը, որոնք ամբողջովին խրախուսվում են պետության կողմից: Սա հայատյացության ու պատերազմական հանցագործությունների մեծ շղթայի մեկ դրվագն է, և ցավալիորեն պետք է արձանագրել, որ մեկը մեկից ավելի դաժան այդպիսի դրվագները ոչ միայն ուղղակիորեն ողջունվում են ադրբեջանական հասարակության կողմից, այլ նաև շարունակություն են ստանում միջազգային հանրության կուրության, խլության ու համրության պատճառով:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ այս դեպքը ևս ներկայացնելու ենք միջազգային համապատասխան մարմիններ և հետևողական ենք լինելու պատշաճ գնահատականների հասնելու հարցում:
«Այսպիսի արարքները ոչ միայն կատեգորիկ արգելված են մարդկությանը հայտնի բոլոր միջազգային պահանջներով, այլ դրանք նույնիսկ մարդկային երևակայության մեջ չեն տեղավորվում»,– նշում է օմբուդսմենը։
Թաթոյանը նաև հայտնում է, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ ներկայում ամփոփում են այս ապացույցի ամրագրման համար անհրաժեշտ ձևակերպումները` այն միջազգային մարմիններին ներկայացնելու համար: