Առողջապահություն
Կորոնավիրուսը նահանջելու փոխարեն շարունակում է մուտացվել. «Մյու» շտամ
Աշխարհում կորոնավիրուսային հիվանդությունը նահանջելու փոխարեն շարունակում է մուտացվել և առաջ բերել նոր շտամներ: Վերջերս էլ հայտնի դարձավ վիրուսի նոր շտամը, որը մասնագետներն անվանել են հունական այբուբենի «Մյու» տառով: Այն առաջինն ի հայտ է եկել Կոլումբիայում հունվար ամսին:

Ամերիկայի Միացյալ Նահանգների ալերգետիկ հիվանդությունների և ինֆեկցիաների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիի խոսքերով՝ այս մուտացիայի դեմ որոշ հակամարմիններ չեն կարողանա պայքարել:

Ֆաուչին նշել է՝ ԱՄՆ-ում այս պահին գերակշռողը դելտա շտամն է, այն գերակշռում է 99 տոկոսով: Ամերիկացի գիտնականների կարծիքով էլ՝ «Մյու» շտամն արագորեն առաջ կանցնի դելտա շտամից իր տարածվածությամբ:

Միացյալ Նահանգների առողջապահական համակարգի տնօրենը համարում է, որ նոր շտամից այս պահին որևէ լուրջ վտանգ չկա, բայց մասնագետները լրջությամբ ուսումնասիրում են ՔՈՎԻԴ-19-ի առաջ եկած բոլոր շտամները:

Ֆաուչին ընդգծել է՝ կորոնավիրուսի դեմ առկա բոլոր պատվաստանյութերը պատրաստ են պայքարել բոլոր շտամների դեմ, բայց բժիշկները դեռևս տեղեկություն չունեն՝ արդյոք պատվաստանյութերը կպաշտպանե՞ն մարդկանց նաև «Մյու» շտամից:

Ավելի վաղ հարավաֆրիկյան հանրապետությունում տարածվել էր նաև քովիդի 6-րդ շտամը՝ «C.1.2».-ը: Ըստ առողջապահական ոլորտի մասնագետների՝ «Մյու» շտամը տարածվում է նույնքան արագ, որքան դելտա և բելտա շտամները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուսումնասիրում է երկու նոր շտամներն էլ: «Մյու» շտամը ներառված է այն շտամների ցանկում, որոնք հետաքրքրություն են ներկայացնում:

Աշխարհում մինչ այս տարածված էր կորոնավիրուսային հիվանդության 4 շտամ, որոնց ԱՀԿ-ն անվանել է ըստ հունական այբուբենի: Բրիտանական շտամը, որը տարածվեց 2020 թվականի նոյեմբերից, ստացել է «Բետա» անվանումը, 2020 թվականի դեկտեմբերին Հարավաֆրիկյան Հանրապետությունում տարածված շտամի անվանումն «Ալֆա» է, «Գամա» անվանումն ստացել է այս տարվա մայիս ամսին Բրազիլիայում հայտնաբերված բրազիլական շտամը, վերջին օրերի ընթացքում Հնդկաստանում հայտնաբերված նոր տեսակն էլ ԱՀԿ-ն անվանել է «Դելտա»: Այն հայտնաբերվել է նաև Հայաստանում և ակտիվ տարածվել Վրաստանում:
| Print |