Նորություններ
Վրաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքն ուժի մեջ է մինչև ամսվա վերջ․ Ջոնի Մելիքյան
Ինչպես հայտնի դարձավ երեկ՝ հունվարի 11-ին, Կառավարությունը ևս 6 ամսով երկարաձգեց կարանտինի ռեժիմը։ Որոշումը, սակայն, ընդունվեց որոշակի սահմանափակումների թուլացմամբ։ Armenia Today-ը վրացագետ Ջոնի Մելիքյանից հետաքրքրվեց, թե ինչպես է անդրադառնում Վրաստան մուտքի վրա կարանտինի թուլացումը, արդյո՞ք ՀՀ քաղաքացիները կկարողանան մուտք գործել Վրաստանի Հանրապետություն, եթե որոշման մեջ ավելացվել է նաև ցամաքային ուղով փոխադրման հնարավորությունը։

Վրացագետը պարզաբանեց, որ Վրաստան կարող են մեկնել կամ ՎՀ քաղաքացիները կամ ՎՀ քաղաքացու բարեկամ հանդիսացող մարդիկ։ Այդ սահմանափակումը գործելու է մինչև փետրվարի 1-ը։ Դրանից հետո Վրաստանի կառավարությանը կից հանձնաժողովը նոր կարգ կքննարկի, ու գուցե որոշակի փոփոխություններ լինեն․

«Չեմ կարծում, սակայն, որ Վրաստանը սահմանները կբացի»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ ՀՀ քաղաքացիները որևէ ձևով Վրաստան չեն կարող մեկնել։ Հնարավոր մի քանի դրույթներ կան, օրինակ՝ ՎՀ-ում հարազատի մահվան հանգամանքը․ Արարողությանը մասնակցելու համար երբեմն թուլատրվում է հատել սահմանն օդային ճանապարհով (ցամաքային սահմանակետերը միայն բեռնափոխադրումների համար են), սակայն եղել են դեպքեր, երբ անգամ փաստաթղթով հիմնավորված դեպքում թռիչքն արգելվել է։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ, հաշվի առնելով ներկայում Հայաստանի Հանրապետությունում առկա համաճարակային իրավիճակը, կատարվել են կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների որոշակի մեղմացումներ։

Հուսանք, որ համաճարակային իրավիճակից ելնելով՝ որոշակի թուլացումներ կանեն նաև Վրաստանի համապատասխան մարմինները։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք: armeniatoday
| Print |