Նորություններ
Ո՞ւր պիտի գնան հայերը, որ լավ ապրեն
Ընտրություն․․․ ապրել սեփական երկրում՝ դժվարություններով ու անվերջ հաղթահարումներով, թե՞ մեկնել բարեկեցիկ երկիր։ Իսկ գուցե ստացվի երկու տեղում էլ լինե՞լ։

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը ԱՊՀ երկրներին կոչ է արել մինչև այս տարվա հունիսի 15-ը դուրս բերել ՌԴ–ում ապօրինի գտնվողներին։ Թե քանի հայ տուն կվերադառնա, կիմանանք ամռանը։ Իսկ առայժմ շատերը պատրաստվում են հեռանալ տնից, ընդ որում` որքան հեռու, այնքան լավ։ Ամենահեռուն, իհարկե, Ամերիկան է, չնայած ամենալավը, անկասկած, հայրենի հողն է։

ԱՄՆ-ում օրինական կերպով հիմնավորվելու միակ հնարավորությունը այդ երկրում ապրելու և աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ ունենալն է, ինչի համար պետք է «Գրին քարտ» շահել։ Այն տրվում է մշտական բնակության համար, մշտական բնակությունը հարկավոր է հպատակագրման համար, իսկ հպատակագրումը հարկավոր է, որպեսզի հինգ տարի որպես ռեզիդենտ ապրելուց հետո քննություն տաս և ԱՄՆ անձնագիր ստանաս՝ կազմի վրա հպարտ թռչնի պատկերով։

Իսկ մինչ այս, մինչ այն, «Գրին քարտն» ազատում է հյուպատոսարան գնալ-գալու, ինչ-որ տուրքեր վճարելու և անձնագրում հարկավոր վիզային նշումների «ճտոցին» սպասելու անհրաժեշտությունից։ Եվ ոչ միայն։ «Գրինը» հարմար է նաև նրանով, որ ԱՄՆ մուտք գործելիս այն ներկայացնում ես իմիգրացիոն սպային, և այլևս կարիք չկա բացատրելու, թե ինչու, ում մոտ, ինչի համար և ինչքան ժամանակով ես գնում։

Ամենից հաճախ ընդամենը մեկ հարց է հնչում․ ինչո՞ւ Ամերիկայում չեք մնացել նշանակված վեց ամիսը։ Ուշադրություն դարձրեք հարցի ձևակերպմանը․ չեն հարցնում, թե որտեղ եք եղել, այլ թե ինչու չեք ապրում երկրում, որը ձեզ «Գրին քարտ» է շնորհել։ Ստացվում է, որ եթե Ամերիկայում չես, ապա տանը չե՞ս։

Ամերիկա մուտք գործելը շատ հեշտ է աշխարհի գրեթե 30 երկրի, այդ թվում՝ Եվրամիության, Ճապոնիայի և Ավստրալիայի քաղաքացիների համար․ նրանք բոլորը առանց վիզայի ԱՄՆ մուտք գործելու իրավունք ունեն։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանն առայժմ այդ ակումբի անդամ չեն։

…Ամերիկան, անշուշտ, հզոր երկիր է, ո՞վ է դրա հետ վիճում։ Բայց եթե դուք չեք պատրաստվում մշտապես ապրել այնտեղ, իսկ տարեկան վեց ամիս մնալու դեպքում մեծ անհարմարությունների մեջ եք ընկնում, ձեր անդրօվկիանոսյան հարազատներին ու մտերիմներին համոզեք, որ ձեզ չխցկեն «Գրին քարտի» խաղարկության մեջ:

Մեզ ուրիշ բան է պետք․ մեր երկիրը դարձնել այնպիսին, որ Հայաստան գան հնարավորինս շատ, իսկ օտար ափեր մեկնեն հնարավորինս քիչ։ Ինչի համար պետք է լավ աշխատել, համենայն դեպս՝ ոչ պակաս, քան մեր հայրենակիցներն աշխատում են Ամերիկայում և աշխարհի մյուս երկրներում։ Աշխատել մեր և մեր երկրի համար։
armeniasputnik.am
| Print |