Նորություններ
Վրաստանը հրաժարվել է ԵՄ-ի ֆինանսավորումից
Վրաստանի կառավարությունը հրաժարվել է Եվրամիության ֆինանսական աջակցության հաջորդ տրանշից: Այս մասին ասել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՝ այս քայլը բացատրելով Վրաստանի տնտեսական աճով և նման օգնություն ստանալու անհրաժեշտության բացակայությամբ:

Կառավարության ղեկավարի խոսքերով ՝ եվրոպական օգնության երկրորդ տրանշից հրաժարվելու հիմնական պատճառը Թբիլիսիի՝ արտաքին պարտքը նվազեցնելու ցանկությունն է:

Խոսքը 75 միլիոն եվրոյի օգնության ծրագրի մասին է, որի հատկացումը հարցականի տակ հայտնվեց այն բանից հետո, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դուրս եկավ ընդդիմության հետ համաձայնությամբ ստանձնած իր պարտավորություններից: Համաձայնությունը ձեռք էր բերվել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ և դրա իրականացումը ֆինանսական օգնություն ստանալու պայմաններից մեկն էր:

Մինչդեռ, որոշ դիտորդներ կարծում են, որ ֆինանսավորումից ձևական հրաժարվելը վատ խաղից լավ դուրս գալու փորձ է: Տնտեսական հարցերով փորձագետ Գեորգի Խուխաշվիլիի կարծիքով՝ կառավարությունը ձևացնում է, թե իբր իրենք են հրաժարվել գումարներից, այլ ոչ թե ԵՄ -ն է հրաժարվել ֆինանսավորումից:
| Print |