Լուրեր
Այս տեմպով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին. Նիկոլ Փաշինյան

 

Մենք մեկ մլն բնակչին ընկնող կորոնավիրուսի դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանից եւ Ֆրանսիայից, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս տեմպով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին: Այս համաճարակի տարածման նման տեմպը, անկախ նրանից, թե քանի տոկոսն է ախտանիշով, քանի տոկոսն է ասիմպտոմ, ինքնաբերաբար բերում է ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերի, նաեւ մահվան դեպքերի աճի:

Նման իրավիճակի պատճառը հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է եւ մեր քաղաքացիների կողմից համաճարակային ահազանգերին պատշաճ լրջությամբ չվերաբերվելը»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ այսօր արդեն Երեւանի բակերում ՀՀ կառավարության անունից ԱԻՆ-ի ավոտմեքենաների միջոցով փոխանցվել է հետեւյալ ուղերձը.

«Բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ եւ դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը եւ բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը եւ չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին:

Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն եւ բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ:

Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր:

Դիմակները անհրաժեշտ է փոխել երեք-չորս ժամը մեկ: Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլեւ ձեր կողմից պատրաստած դիմակներ»:

«Այսինքն առանց դիմակի շփվեք միայն ձեր ընտանիքի անդամների հետ: Խոսքը վերաբերում է նաեւ ձեր բակերում, ձեր շենքի այլ բնակիչներին»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ իրենք 100 տոկոսով վստահ են, որ այս կանոնների որակյալ պահպանումը ոչ միայն կբերի վարակվածների թվի նվազեցման, այլեւ մեզ կօգնի հաղթահարել համաճարակը:

 

| Print |