Լուրեր
Քնել մեքենայում, ուտել ինչ պատահի. Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացիները հուսահատված են
Ինչպես և նախորդ դեպքում Վերին Լարս ժամանած ՀՀ քաղաքացիները պնդում են, որ այստեղ են գումար չունենալու պատճառով։

Մեքենայում քնել, ուտել ձեռքի տակ ընկածը, իսկ ավելի կոնկրետ` գրպանին հարմարը, ապրել տարրական սանիտարահիգիենիկ կանոնների բացակայության պայմաններում։ Արդեն 13 օր է, ինչ մոտավորապես նման իրավիճակում են հայտնվել ՀՀ 25 քաղաքացի, որոնք ռուսական կողմից Վերին Լարս են հասել։

Նրանց թվում 8 և 13 տարեկան երեխաներ, ինչպես նաև 6 կին կա։ Նրանցից մեկն առողջական խնդիրներ ունի։ Մեր հայրենակիցները նման իրավիճակում հայտնվելու պատճառը գումարի բացակայությունն է։

«Քնում ենք մեքենաներում, սնվում, ինչով կարող ենք։ Հունիսի 30-ին Մինվոդիից չարտերային չվերթ է իրականացվելու, որը կարող է հայրենիք` Հայաստան, հասցնել։ Սակայն տոմսերը դեռ միայն ամրագրված են, դրանք դեռ պետք է գնել։ Եթե մինչ այդ կարողանանք գումար գտնել, կգնենք», –Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Լարսում մնացած հայերից մեկը` Արթուրը։

Տղամարդն արդեն 10 տարի է, ինչ Մոսկվա արտագնա աշխատանքի է մեկնում և միշտ էլ գոհ է եղել։ Սակայն ամեն ինչ փոխվեց համավարակից հետո։ Խնդիրները սկսվեցին կարանտինից. Արթուրը, ինչպես և մեր մի շարք այլ հայրենակիցներ, Ռուսաստանում անգործ մնացին, իսկ դա նշանակում է` նաև առանց սնունդի և առանց գումարի։

Ահա այդ պատճառով էլ եկել է անցակետ, թեև գիտեր, որ սահմանը փակ է։ Ասում է, որ կարևոր չէ, որտեղ մնալ, երբ գործ չկա։

Իմ ու Արթուրի զրույցին միացավ Միսակը (անունը փոխված է), նա Վերին Լարսում բոլորից երկար է սպասում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տղամարդը նշեց, որ երեք ամիս Ռուսաստանում անգործ է եղել։ Նա պարզապես այլ ելք չի ունեցել, այդ պատճառով որոշել է վերադառնալ։

Միսակը նշեց, որ սննդի հարցում նրանց օգնել են մերձակա գյուղերի բնակիչները, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչները։

«Բայց ինչքա՞ն նրանք կարան օգնեն», – ասաց Միսակը։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը նշեց, որ մեր հայրենակիցները հույս ունեին, որ Վրաստանը հուլիսի 1-ին կբացի սահմանը, սակայն նման բան, ըստ ամենայնի, տեղի չի ունենա։ Մոտ 8 մարդ արդեն իսկ համաձայնել է ավիատոմս գնել և Հայաստան մեկնել առաջիկա Մինվոդի–Երևան չվերթով, որը նախատեսված է հունիսի 30-ին։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Վրաստանում մարտից օտարերկրյա քաղաքացիների համար մուտքի արգելք է գործում։ Արգելքը չի տարածվում բեռնափոխադրումների վրա։

ՀՀ ԱԳՆ–ն բազմիցս նշել է, որ ՀՀ քաղաքացիները կարող են ցամաքային ճանապարհով սեփական ավտոմեքենաներով վերադառնալ միայն Վրաստանի կառավարության որոշման չեղարկումից հետո։
| Print |