Լուրեր
Ռուսաստանը քննարկում է օգոստոսի 11-ից վերականգնել բոլոր ուղղություններով ավիահաղորդակցությունները
Ռուսաստանը քննարկում է օգոստոսի 11-ից բոլոր ուղղություններով միջազգային ավիահաղորդակցության վերականգնման հարցը, սակայն վերջնական որոշում դեռևս չի ընդունվել։ Այդ մասին «TACC» գործակալությանը հայտնել են ավիացիոն ոլորտում աշխատող երկու աղբյուրներ։

«Քննարկվում է օգոստոսի 11-ից բոլոր երկրների հետ թռիչքների վերականգնման հարցը»,- գործակալությանը հայտնել է առաջին զրուցակիցը։ Երկրորդ աղբյուրի խոսքերով էլ՝ հարցն իրավամբ քննարկվել է վերջերս փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։

Օգոստոսի 1-ից Ռուսաստանը վերականգնել է միջազգային ավիահաղորդակցությունը երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Տանզանիայի հետ։ Ռոսավիացիան նաև հայտարարել է, որ օգոստոսի 15-ից կվերականգնվի ավիահաղորդակցությունը Շվեյցարիայի հետ։ Բաց է նաև Ռուսաստանի և Աբխազիայի սահմանը։

Հուլիսի 31-ին Ռուսաստանի տարածքում կորոնավիրուսի տարածման կանխարգելման օպերատիվ շտաբը հայտարարել է, որ մշակվում է այն երկրների ցանկը, որոնց հետ հնարավոր է վերականգնվի ավիահաղորդակցությունը։ Մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Տանզանիայի հետ ավիահաղորդակցության վերականգնումը՝ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ թռիչքները վերականգնվել են փոխադարձության սկզբունքով։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռուսաստանը միջազգային բոլոր ուղղություններով ավիահաղորդակցությունը դադարեցրել էր մարտի 27-ին։ Արգելքը չէր տարածվում տարհանման նպատակով իրականացվող թռիչքների վրա։

Այս մասին հայտարարում է ռուսական աղբյուրը՝ gazeta.ru
| Print |