Լուրեր
ՆԳՆ-ն առգրավել է զենքի ու զինամթերքի մի ամբողջ զինանոց
Թբիլիսիում և Քութայիսում երեք մարդ է ձերբակալվել հրազենի ու զինամթերքի անօրինական ձեռքբերման ու պահպանման մեղադրանքով: Այդ մասին, Sputnik Грузия-ի փոխանցմամբ, հայտնում է Վրաստանի ՆԳ նախարարությունը:

Գերատեսչության տեղեկացմամբ՝ օպերատիվ-հետաքննչական միջոցառումներ անցկացվել են տարբեր ժամանակներում՝ ինչպես Վրաստանի մայրաքաղաքում, այնպես էլ Իմերեթի տարածաշրջանում:

Ձերբակալվածների թվում կա ավելի վաղ դատապարտված 30-ամյա քաղաքացի: Նրա անձնական ավտոմեքենայի խուզարկության ընթացքում ոստիկանությունն առգրավել է «Մակարով» և TT ատրճանակներ, չորս պահունակ և 22 փամփուշտ:

Նաև Թբիլիսիում ձերբակալել են 26-ամյա մի երիտասարդի, որի մեքենայի մեջ գտել են տնայնագործական եղանակով պատրաստված ատրճանակ, պահունակ և չորս մարտական փամփուշտ:

Բացի դրանից, ոստիկանությունը Իմերեթի տարածաշրջանում ձերբակալել է 49-ամյա տղամարդու՝ զինամթերքի անօրինական ձեռքբերման ու պահպանման մեղադրանքով:

Նրա տանը խուզարկության ժամանակ իրավապահները գտել են Ֆ-1 տեսակի նռնակ:

Հետաքննությունն իրականացվում է «Հրազենի ու զինամթերքի անօրինական ձեռքբերում, պահպանում և կրում» հոդվածով: Հանցագործությունը նախատեսում է ազատազրկում երեքից մինչև յոթ տարի ժամկետով:
| Print |