Լուրեր
Չինաստանում հեղեղների պատճառով շուրջ 2 միլիոն մարդ է տուժել
Չինաստանի Շենսի նահանգում սաստիկ հեղեղների պատճառով 1,76 միլիոն մարդ է տուժել, հաղորդում է BBC-ն։ Անցյալ շաբաթվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևների պատճառով նահանգի 70 շրջաններում և քաղաքներում տներ են ավերվել, սողանքներ են տեղի ունեցել։ Անձրևները խոչընդոտում են փրկարարական աշխատանքներին։

120 հազարից ավելի մարդ շտապ կերպով տարհանվել է, 17 հազարից ավելի տուն՝ ավերվել։ Ըստ չինական ԶԼՄ-ների՝ 4 ոստիկան մահացել է սողանքի պատճառով՝ չնայած զոհերի մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի հրապարակվել։

3 ամիս առաջ Հենան նահանգում հորդառատ անձրևների և հեղեղների պատճառով ավելի քան 300 մարդ էր մահացել։ Շենսի նահանգը Չինաստանում ածուխ արդյունահանող խոշոր նահանգներից է։ Հեղեղների պատճառով երկրի կառավարությունը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը հանքերում և քիմիական գործարաններում։ Չինաստանն առանց այդ էլ էներգիայի պակաս ունի, որի պատճառով հոսանքազրկումներ են տեղի ունենում։
| Print |