Լուրեր
Զբոսաշրջության վերականգնման կեղծ սպասելիքներն ու անորոշ հեռանկարները
Համաճարակային 2020 թվականը ամենախոր վերքը միևնույն է հասցրեց Վրաստանի զբոսաշրջության ոլորտին: Համաճարակի առաջնային փուլերում, երբ սահմանները փակ էին զբոսաշրջիկների համար, և երկրում տիրում էր արտակարգ դրություն, տուրիստային օբյեկտների շահույթը իջավ զրոյի։ Աշխատանքները դադարեցրել են տուրիստական ընկերությունները, փակվել են հյուրանոցներ և բազմաթիվ այլ օբյեկտներ։ Սա զգալի վնաս է հասցրել ինչպես երկրին, այնպես էլ քաղաքային բյուջեին, այդ թվում՝ Ախալցիխեում։ Անհրաժեշտություն առաջացավ տեղական բյուջեից սուբսիդավորել մունիցիպալիտետների ենթակայության տակ գտնվող և առանց սեփական եկամուտի մնացած տուրիստական օբյեկտները: Մասնավոր հատվածին օգնելու համար պետությունը մշակեց ծրագիր, որն ի նկատի ուներ վճարումների հետաձգում և բանկային վարկերի տոկոսների սուբսիդավորում:

Էկոնոմիկայի նախարարությունը 2020 թվականի մայիսին գործարկել էր նաև զբոսաշրջության մեկնարկի հակաճգնաժամային ծրագիր, որը կանխատեսում էր ոլորտի արագ զարգացումը։ Կառավարության մայիսյան ծրագրի համաձայն՝ Վրաստանը պետք է դառնար Covid-ից անվտանգ զբոսաշրջային գոտի։ Ինչպես Covid-ի տարածման, այնպես էլ այցելուների թվի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Վրաստանը անգամ փոքր չափով չի մոտեցել նախատեսված ցուցանիշին։

Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2021 թվականի առաջին տասը ամիսների ընթացքում, զբոսաշրջության նպատակով Վրաստան է այցելել մինչև 1,3 միլիոն այցելու։ Այս թիվը փոքր ինչ գերազանցում է 2020 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, և 2019 թվականի համեմատ, գրեթե երեք անգամ քիչ է:

Մինչ համաճարակը, զբոսաշրջության արդյունաբերությունը աճում էր ինչպես ողջ երկրում, այնպես էլ Սամցխե-Ջավախքում։

Շոթա Գիքոշվիլին վեց տարի առաջ իր ընկերների հետ Ախալցիխեում հիմնել է տուրիստական գործակալություն և ստեղծման օրվանից աշխատում էր բավականին ակտիվ: Ընկերությունը Վրաստանում զբոսաշրջիկների է ընդունել հիմնականում եվրոպական երկրներից, ավելի հաճախ՝ Լեհաստանից։ Ընկերությունն աշխատում էր էկոտուրիզմի վրա, սակայն համաճարակն ամբողջությամբ դադարեցրեց նրանց գործունեությունը։

Շոթան 2020 թվականի սկզբին նախատեսում էր ընդլայնել ընկերությունը, սակայն ամեն ինչ հակառակը ստացվեց։ Վնասը այնքան մեծ էր, որ չնայած սահմանների բացմանը և զբոսաշրջության առաջխաղացմանը՝ ընկերությանը չհաջողվեց իր գործունեությունը լիարժեք շարունակել:
«Այս տարի ընդամենը մի քանի ճանապարհորդություն եմ ունեցել, այն էլ՝ փոքրամասշտաբ։ Համաճարակի սկզբում ստացել եմ միանվագ օգնություն, բայց հասցրած վնասի համեմատ այդ գումարը բավականին չնչին էր։ Հարվածն այնքան մեծ էր ոլորտի համար, որ ոչ մի օգնություն կամ արտոնություն չէր կարող փոխհատուցել այս կորուստը»,- ասում է Շոթան։

Սամցխե-Ջավախքում կան բազմաթիվ զբոսաշրջային օբյեկտներ, որոնք մեծ հավանություն վայելում օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում: Դրանցից մեկը Ախալցիխեի բերդն է, որը մինչ համաճարակը տարեցտարի ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկների էր հյուրընկալում։ Ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձն բոլոր ծախսերը հոգում էր սեփական եկամուտով, 2019 թվականից նաև ընդհատեց մունիցիպալիտետից սուբսիդիան: Իսկ 2020 թվականից ի վեր, բերդի միակ եկամուտը կրկին դարձել է տեղական բյուջեի միջոցները: Զբոսաշրջային օբյեկտի համար սուբսիդավորման հատկացում նախատեսված է նաև 2022 թվականի բյուջեի նախագծով և այն կազմում է 400 000 լարի: Ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) կազմակերպությունից ասում են, որ ընթացիկ տարվա այցելուների վիճակագրությունը, 2020 թվականի համեմատ, խոստումնալից է, թեև այն դեռ չի մոտեցել նախահամաճարակային նշագծին:

«Մենք ակտիվորեն աշխատում ենք զբոսաշրջության ոլորտում և հուսով ենք, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, և մեզ ոչինչ չխանգարի (նկատի ունենք համաճարակը), մենք կշարունակենք աշխատել այս տեմպերով և հաջորդ տարի կհասնենք նախահամաճարակային նշագծին», - պաշտոնական նամակով մեզ պատասխանեցին «Ախալցիխեի բերդից»:

Ըստ նրանց՝ 2019 թվականի վերջին տվյալներով համալիր է այցելել 159 828 զբոսաշրջիկ, 2020 թվականին՝ 37 440, իսկ 2021 թվականի հոկտեմբերին՝ 55 925 մարդ։
Բորժոմիի կենտրոնական այգու եկամուտը նույնպես զգալի կրճատվել է: Այգու տնօրեն՝ Մերաբ Իոբաշվիլին «9-րդ ալիքի» մոտ ասում է, որ 2020 թվականի ընթացքում հարկերի տեսքով գրեթե ոչինչ չի ստացել, ինչի պատճառով քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 300 հազար լարի փոխհատուցում։ Այցելուների թիվն ավելացել է 2021 թվականին, , սակայն, քանի որ այգու մուտքն անվճար է դարձել Վրաստանի քաղաքացիների համար, նրանց սեփական եկամուտը ծախսերը հոգալու համար անգամ չէր հերիքում: Ըստ այդմ՝ քաղաքապետարանը նախատեսում է ֆինանսավորել պատմական այգին 2022 թվականին եւս։

«Այս տարի անցած տարվա համեմատ օտարերկրյա հյուրերի թիվը զգալիորեն աճել է, սակայն 2019 թվականի համեմատ բավականին քիչ է։ Տեղական զբոսաշրջության առումով առաջխաղացում է նկատվում, բայց սա այն չէ, ինչ եղել է մինչ վարակը», - ասում է Մերաբ Իոբաշվիլին:

Վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2019 թվականին Վրաստանում գրանցվել է 9,4 միլիոն զբոսաշրջիկ։ Ոլորտում աշխատում էր ավելի քան 150 000 մարդ։ Նրանց օգնելու համար պետությունը 2020 թվականի առաջին կիսամյակում գործարկել է բիզնեսի համար՝ հարկերը հետաձգելու/չեղարկելու, վարկերի սուբսիդավորման, իսկ քաղաքացիների համար ֆինանսական փոխհատուցման ծրագիր: Կոնկրետ օրինակները ցույց են տալիս, որ շատ քաղաքացիներ և բիզնեսներ չկարողացավ օգտվել այս օգնությունից։ Բացի այդ, Վրաստանի Ազգային վիճակագրական վարչությունը 2020 թվականից այլևս չի իրականացնի վիճակագրական դաշտային աշխատանքներ օտարերկրյա այցելուների վերաբերյալ, ինչի պատճառով պաշտոնական տեղեկատվություն չկա զբոսաշրջիկների ծախսած միջին գումարի մասին։

2020 թվականի դեկտեմբերին «Արևելյան գործընկերության Վրաստանի ազգային հարթակը» հրապարակել է զբոսաշրջության ոլորտում առկա մարտահրավերների վերաբերյալ ծավալուն հետազոտություն։ Հետազոտության համաձայն՝ 2020 թվականին Վրաստան այցելուների թիվը կրճատվել է միջինը 75-80%-ով, ինչը ոլորտի համար 2,3-2,5 մլրդ դոլարի վնաս է (հաշվի առնելով նախորդ տարիների տվյալները): Ուսումնասիրությունը գնահատել է նաև հակաճգնաժամային ծրագրով տրամադրվող օգնության փաթեթը։

«Ընդհանուր առմամբ, պետական աջակցության ծրագրերը բացասական են գնահատվել, քանի որ դրանք չեն կենտրոնացել աշխատակիցների պահպանման մեխանիզմների վրա, ինչը բիզնեսին գոյատևելու հնարավորություն չէր տալիս: օգնության հիմնական վեկտորն ուղղվել է հյուրանոցներին, իսկ զբոսաշրջության ոլորտի մնացած հատվածը, ըստ էության, անտեսվել է»,- ասվում է հետազոտության մեջ։

Զբոսաշրջության փորձագետ Վատո Ասաթաշվիլին կարծում է, որ կառավարության կողմից հակաճգնաժամային ծրագրի ներկայացումը աղետալի էր, քանի որ դրանով բիզնես հատվածին տրվեց կեղծ ակնկալիքներ:

«Մարտի սկզբին միջազգային լրատվամիջոցներում ցուցադրեցին Վրաստանի գովազդը, որ այն կլիներ առաջին կանաչ երկիրը, որը կբացվեր։ Սա դրդեց բիզնեսին սկսել առատաձեռնորեն նախապատրաստվել, բայց մենք տեսանք արդյունքը՝ լայնածավալ արգելափակում, որը տևեց մինչև ամառվա վերջ: Կառավարության երկրորդ, նույնպես անպատասխանատու քայլը երկիրը բացելն էր, լինելով բացարձակապես անպատրաստ, որից հետո սկսվեց երկրորդ ալիքը»,- մանրամասնում է Ասաթաշվիլին։

Զբոսաշրջության փորձագետի կարծիքով. «Տարբեր անպատասխանատու կարգավորումները, ժամանակին չփակվելն ու բացվելը հանգեցրել են այն արդյունքներին, որոնք տեսնում ենք հիմա: Արդյունաբերությունը տուժել է, բիզնեսի խաղացողներից շատերը սնանկացել են կամ ընդհանրապես դուրս են եկել շուկայից, տնտեսությունն ավերված է, իսկ իշխանության ներկայացուցիչները շարունակում են կեղծ ակնկալիքներ ստեղծել»:

Այս ամենի ֆոնին, կառավարությունը կարծում է, որ շուտով զբոսաշրջության ոլորտը արագ տեմպերով կսկսի վերականգնվել։ Դեռևս պարզ չէ՝ կա՞ արդյոք օբյեկտիվ հիմք զբոսաշրջության նախահամաճարակային վիճակը վերականգնելու համար։ Փորձագետների կարծիքով՝ հաշվի առնելով համաճարակի ներկայիս մասշտաբները, դժվար է կանխատեսել։
| Print |