Լուրեր
Մոսկվայում մեկնարկել է հայ և թուրք բանագնացների առաջին հանդիպումը

 

Մոսկվայի ժամանակով ժամը11։00-ին, Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների առանձնատանը, սկսվել է հայ և թուրք բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հանդիպումը, ավելի ճիշտ՝ նրանց ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը։

Թե ովքեր են պատվիրակությունների կազմում, դեռ չի հաղորդվել, բանակցություններն անցնում են փակ ռեժիմով։

Ավելի վաղ «Նովոստին» հաղորդել էր, որ Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների տուն, որտեղ այսօր տեղի կունենա հայ-թուրքական բանագնացների առաջին հանդիպումը՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով։

Հանդիպումը անցկացվում է Մոսկվայում՝ հայկական կողմի ցանկությամբ։

Երևանն ու Անկարան դեկտեմբերին հայտարարեցին, թե պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Բանակցությունները հյուրընկալող երկրի՝ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը երեկ հայտնել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա առանց ռուսական կողմի մասնակցության։ Մարիա Զախարովան միաժամանակ ասել է, թե Մոսկվան սատարում է երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը:

 

| Print |