Լուրեր
Փաշինյանը դժգոհում է՝ դաշնակից երկրները չեն մատակարարում գնված զենքը
Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ ունեցող Հայաստանը որոշ դեպքերում զենքի դիմաց վճարել է, սակայն այդ զենքի մատակարարումը այդպես էլ տեղի չի ունեցել, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից, կառավարության նիստին այսօր հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ առանց փակագծեր բացելու, թե որ դաշնակից երկրի մասին է խոսքը։

Փաշինյանը նաև չբացառեց, որ այս հարցում Ադրբեջանը կարող է դերակատարում ունենալ. 
«Որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, որտեղ, հնարավոր է, նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում»։

Ըստ Փաշինյանի, այս ամենը տեղի է ունենում մի հեռահար նպատակով, որ Հայաստանը հրաժարվի պետականությունից և ինքնիշխանությունից. 
«Մենք մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք: Բայց ուզում եմ նաև ընդգծել, որ ի հեճուկս բոլոր գործոնների, մենք վճռական ենք մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում: Եվ փառք բոլոր այն հերոսներին, ովքեր կանգնած են Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերում»:

Ստեղծված իրավիճակում, ըստ Հայաստանի ղեկավարի, կառավարությունն ակտիվ աշխատում է միջազգային բոլոր գործընկերների հետ՝ որպես լուծում նրանց առաջարկելով Հայաստան - Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը։

Վարչապետը փակագծերը չի բացում, փոխարենը երեկ «Ազատության» հետ զրույցում իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էր խոստովանել, որ 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանից Հայաստան է մտել միայն մեկ խորհրդանշական դաշույն, որը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նվիրել են այն ժամանակվա նախարար Արշակ Կարապետյանին՝ հայտարարելով, թե «Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկել է»։

«Էդ միակ զենքն էր, որ եկավ Հայաստան։ Հարգելիս, եթե մարդը քեզ զենք չի տալիս, քո մեղավորությունը ո՞րն է», - ասել էր Մելքոնյանը։
| Print |