Լուրեր
2023 թվականը խոստանում է ամենադժվար տարիներից մեկը լինել. The National Interest
2023 թվականը խոստանում է տասնամյակների ամենադժվար տարիներից մեկը լինել՝ շարունակական շուկայական ցնցումների պատճառով: Թեեւ գնաճը կարող է վերահսկվել, այն կմնա բարձր մակարդակի վրա եւ կուղեկցվի անխուսափելի գլոբալ ռեցեսիայով: Հիմնական հարցն այն է, թե որքան ժամանակ եւ որքանով է լինելու անկումը։ Սա տարբեր տարածաշրջաններում տարբեր արձագանքներ կունենա՝ հիմնականում կապված Covid համավարակի եւ Ուկրաինայի պատերազմի հետեւանքների հետ, գրում է The National Interest-ը։

«Միգուցե Մեծ Բրիտանիան արդեն ռեցեսիայի փուլում է: Միացյալ Նահանգների համար ռեցեսիան, ամենայն հավանականությամբ, կլինի ավելի կարճ եւ ավելի թեթեւ, քան Եվրոպայի պարագայում, որի աշխարհագրական դիրքը եւ ավանդական էներգետիկ կախվածությունն ուղղակիորեն կապված են ուկրաինական հակամարտության հետ: Երբ Չինաստանը սովորի ապրել Covid-ի հետ 2023 թվականին, նրա տնտեսությունը կվերականգնվի: Այնուամենայնիվ, հարցական է մնում, թե երբ եւ ինչպես կվարվի երկիրը վարակի հետ։ Բացի այդ, համաճարակից հետո չինական պահանջարկի վերականգնումը կարող է հանգեցնել արեւմտյան տնտեսության ավելի բարձր գնաճի։

Զարգացող շուկաներում պարտքի աճը հիմնականում ապակայունանում է: 2023 թվականին սուվերեն պարտքի դեֆոլտի վտանգ կա, հատկապես Աֆրիկայում՝ համաձայնեցված եւ արդյունավետ վերակառուցման ջանքերի բացակայության դեպքում: 2022 թվականի ավարտից կարճ ժամանակ առաջ Գանան վերջին րոպեին Արժույթի միջազգային հիմնադրամի հետ օգնության պայմանագիր է կնքել: Մյուսները, հավանաբար, նույնը կանեն 2023 թվականին: Բացի այդ, ներդրողները պետք է պատրաստ լինեն իրենց ունեցվածքը կրճատելու հնարավորությանը։

Աշխարհաքաղաքական հարթությունում տխուր իրականությունն այն է, որ Ուկրաինայում ամենավատը դեռեւս առջեւում է առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում: Մասնավորապես, 2023 թվականի առաջին կեսին Ռուսաստանը պատրաստվում է խոշոր հարձակման։ Տեսանելի ապագայում կրակը, ամենայն հավանականությամբ, չի դադարի, քանի որ այս պահին չկա վստահություն, կամք կամ խթան լուրջ բանակցությունների համար:

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի համար հակամարտությունը էկզիստենցիալ ճգնաժամ է, եւ նա վճռական է՝ իր ուժերին տրամադրելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է Ուկրաինայում հաղթանակի հասնելու համար: Բացի այդ, Պուտինը զգում է, որ ժամանակը իր կողմից է եւ կարող է անվերջ ձգձգել պատերազմը։ Նա ձգտում է ժամանակի ընթացքում մաշել արեւմտյան քաղաքական համերաշխությունը եւ հասարակական համբերությունը: Այնուամենայնիվ, ռուսական զորքերի բարոյահոգեբանական վիճակն ու ռեսուրսների հասանելիությունը լուրջ մարտահրավերներ են դնում Պուտինի համար հաղթանակի հասնելու նրա ձգտումում, որը դեռեւս հստակ սահմանված չէ:

Թայվանի 2024 թվականի նախագահական ընտրությունները կարող են հանգեցնել պոտենցիալ ճգնաժամի, եթե անկախության կոչերը սրվեն: Ըստ էության, ԱՄՆ-ի եւ Չինաստանի առաջնորդները պետք է ավելի կանոնավոր փոխգործակցության գնան եւ ավելի արդյունավետ կառավարեն հարաբերությունները: Այս պահանջը չկատարելը սարսափելի հետեւանքներ կունենա ամբողջ աշխարհում:

2022 թվականը եղել է այն տարին, երբ Covid-ը հիմնականում վերահսկվել է։ 2023 թվականին, ամենայն հավանականությամբ, Չինաստանում այս առաջընթացը կփոփոխվի՝ իր զրոյական Covid քաղաքականության կտրուկ կասեցման հետեւանքով: Պատվաստանյութակայուն տարբերակի սպառնալիքը դեռես առկա է։
| Print |