Լուրեր
Բժիշկների և բուժքույրերի նվազագույն աշխատավարձի հարցը կվերահսկվի
Աշխատանքի տեսչական ծառայությունը հայտարարություն է տարածում բժիշկների և բուժքույրերի նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Աշխատանքի տեսչական ծառայության մանդատին ավելացվել է ևս մեկ նոր ուղղություն: Մասնավորապես, 2023 թվականից գերատեսչությունը կուսումնասիրի բժիշկների և բուժքույրերի նվազագույն աշխատավարձի հարցը։

«2023 թվականի հունվարի 1-ից սահմանվել է բժիշկների և բուժքույրերի ժամային նվազագույն աշխատավարձը՝ բժիշկների նվազագույն ժամային աշխատավարձը կազմում է 7 լարի, իսկ բուժքույրերինը՝ 4,4 լարի ժամում։ Բարեփոխման արդյունքում հիվանդանոցային բաղադրիչով համընդհանուր առողջապահական ծրագրում ընդգրկված բոլոր կլինիկաները պարտավոր կլինեն որոշել բժիշկների և բուժքույրերի աշխատավարձը՝ հաշվի առնելով Առողջապահության նախարարության կողմից ներկայացված նվազագույն շեմը։

Աշխատանքի տեսչական ծառայությունն իրավասու է լիարժեք ստուգումներ իրականացնել բուժհաստատություններում՝ ինչպես աշխատանքային իրավունքների պաշտպանության, այնպես էլ բժիշկների և բուժքույրերի նվազագույն աշխատավարձի հետ կապված հարցերով։

Բժշկի և բուժքրոջ գործառույթներն ու պարտականությունները հստակորեն սահմանված են օրենսդրությամբ։ Ըստ այդմ, եթե ստուգման ընթացքում պարզվի, որ նվազագույն աշխատավարձի վճարումից խուսափելու համար բժշկին կամ բուժքրոջը նշանակվում են ավելի ցածր կոչման կամ այլ մասնագիտության գործառույթներ, ապա այդ փաստը Աշխատանքի տեսչական ծառայության կողմից կհամարվի խախտում, ինչը կհանգեցնի բուժհաստատության համար տուգանքի, իսկ կլինիկայից կգանձվի նաև բժշկի/բուժքրոջ աշխատավարձի լրիվ վճարումը։

Աշխատանքի տեսչական ծառայությունը գործատուների կողմից իրականացվող ցանկացած անբարեխիղճ գործողության նկատմամբ կունենա համապատասխան խիստ արձագանք, և բոլոր աշխատողների իրավունքները կպաշտպանվեն օրենքով սահմանված կարգով»,-
ասված է հաղորդագրությունում։
| Print |