Լուրեր
Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես փակվել են
Ռուսաստանի Դաշնային ավիացիոն գործակալության («Ռոսավիացիա») տվյալներով՝ ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի և Կալուգայի օդանավակայաններում թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ «Շերեմետևո», «Դոմոդեդովո», «Վնուկովո», «Ժուկովսկի» և «Կալուգ» օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են չվերթների ընդունումն ու մեկնումը։

Սահմանափակումների մասին նախ հայտնել են անվտանգության ուժերին առնչվող Baza և Mash հեռագրային ալիքները։ Ըստ նրանց՝ «Կովիոր» («գորգ») պլանն իրականացվել է Մոսկվայի և Կալուգայի բոլոր օդանավակայաններում՝ հավանաբար անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի պատճառով։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել Մոսկվայում, Մոսկվայի մարզում և Կալուգայի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։

Mash-ի փոխանցմամբ՝ «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայաններում հետաձգվել է 27 չվերթ։

Ավելի ուշ վերացվել են Վնուկովո, Ժուկովսկի, Դոմոդեդովո և Շերեմետևո չվերթների սահմանափակումները։ Դեպի Կալուգա թռիչքների արգելքի չեղարկման մասին դեռ չի հայտարարվել։
| Print |