Նորություններ
Ալիևը չեղարկում է Փաշինյան-Ալիև հանդիպումը

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, այսօր Բաքվում գումարված «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում ասել է, թե Ֆրանսիան հակաադրբեջանական կողմնակալ դիրքորոշում որդեգրելու բերումով այլևս չի կարող մասնակցել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին:

Ալիևը որպես Ֆրանսիայի հակաադրբեջանական քաղաքականության օրինակներ է նշել Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների՝ Սենատի և Ազգային ժողովի ընդունած բանաձևերը և «փորձը Ադրբեջանին հարձակման ենթարկել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում»:

Ալիևի փոխանցմամբ, դա անընդունելի է, քանի որ Ֆրանկոֆոնիայի համաժողովը սոսկ հումանիտար կազմակերպություն է:

«Հաշվի առնելով այդ ամենը, Ֆրանսիան չի կարող մասնակցել խաղաղության գործընթացին: Դա մեր մեղքը չէ, ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Ռուսաստանը երբեք պաշտոնական մակարդակով կողմերից մեկին չեն սատարել: Դա նշանակում է, որ դեկտեմբերի 7-ի հանդիպումը տեղի չի ունենա, և մենք կքննարկենք այլընտրանքներ: Տեսնենք, թե ով միջնորդի դեր կստանձնի և որ հարթակում», - ասել է Ալիևը:

Ադրբեջանի ղեկավարը նաև նշել է, թե առաջարկելով, որ Բրյուսելում նախատեսված հանդիպմանը մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «փորձում է տապալել խաղաղության բանակցությունները»:

Ալիևն ասել է նաև, թե ցանկանում է, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը զուգահեռաբար իրականացվի:

«Նրանք {հայերը} ասում են, թե ոզում են բարելավել կապերը Թուրքիայի հետ, և մենք ասում, ենք, որ սատարում ենք դրան: Մենք պատերազմ չենք ուզում, ուզենայինք՝ կանեինք»,- հայտարարել է Ալիևը:

 

| Print |