Լուրեր
Սահմանափակումներին չենթարկվելու դեպքում, Վրաստանում կհայտարարվի համընդհանուր կարանտին
Եթե չպաշտպանենք արտակարգ դրությամբ գործարկված սահմանափակումները, ստիպված կլինենք առաջիկայում ծայրահեղ խստացնել միջոցները և ողջ երկրի մասշտաբով հայտարարել կարանտին,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի մամլո խոսնակ Իրակլի Չիքովանին կառավարության վարչությունում:

Չիքովանիի հայտարարությամբ, երկրում արագ կերպով ավելանում են կորոնավիրուսի դեպքերը:

«Հիշեցնեմ, որ վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 30 նոր դեպք: Մեկ շաբաթում 140-ով ավելացել է դեպքերի թիվը, որը արագ ավելացման ցուցանիշ է:

Ընդհանուր, այսօրվա տվյալներով, ունենք 348 հաստատված դեպք և երկրում սկսվել է ակտիվ ներքին տարածման փուլը:

Քաղաքացիների շարժականությունը նվազեցնելու նպատակով, 4 մեծ քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում և Ռուսթավիում երեկ, ժամը 21:00-ից արգելվել էր մուտքը և ելքը: Չնայած մասնագետների խիստ հանձնարարականների՝ մնանք տանը, մենք տեսնում ենք, որ շարժականությունը բավականին ինտենսիվ է, որը մեծ վտանգ է ներկայացնում»,- հայտարարել է Չիքովանին:

Նրա խոսքով, վաղվանից խստացվում են միջոցները և մինչև ապրիլի 21-ը ներառյալ, երկրում ամբողջովին արգելվում է թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը:

«Վաղվանից, ժամը 12:00-ից, արտակարգ դրության ժամկետով, այսինքն՝ մինչև ապրիլի 21-ը ներառյալ, երկրում ամբողջովին արգելվում է թեթև ավտոմեքենաներով տեղաշարժը: Սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին և մատակարարող մեքենաներին: Ընդգծում եմ, որ սննդամթերքի խանութները, դեղատները և այլ օբյեկտները, որոնք մինչ այժմ աշխատում էին, կշարունակեն աշխատանքը, շարունակում են աշխատանքը նաև առաքման ծառայությունները:

Բացի այդ, թույլատրված տնտեսական գործունեության շրջանակներում գործող ընկերությունները, աշխատակիցների փոխադրումն ապահովելու համար, համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով պետք է դիմեն բնագավառային նախարարություններին: Նրանք կարող են զանգահարել նաև թեժ գիծ՝ 144 հեռախոսահամարին»,- նշել է Չիքովանին:

Բացի այդ, վաղվանից պարտադիր է դառնում բժշկական դիմակներ կրելը հանրային փակ տարածքում:

«Միևնույն ժամանակ, վաղվանից պարտադիր է դառնում բժշկական դիմակներ կրելը հանրային փակ տարածքում: Այս պահանջի պատասխանատվությունը կրողը իրավաբանական անձինք են: Իրավաբանական անձանց պատասխանատվությունը սահմանվել է 15 հազար լարիով»,- նշել է Չիքովանին:

Նրա խոխսքով, վաղվանից սահմանափակումներ կգործեն նաև գերեզմանոցներ մուտք գործելու առնչությամբ:

«Այն դեպքում, եթե յուրաքանչյուր քաղաքացի, մասնավոր սեկտորը, կառավարությունը, բիզնեսը, կրոնական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը, բոլորս չպաշտպանենք օրենքը, արտակարգ դրությամբ գործարկված սահմանափակումները, ապա դա կդառնա երկրում համաճարակային իրավիճակի կտրուկ սրման հիմք և ստիպված կլինենք առաջիկայում առավել խստացնել միջոցները և ողջ երկրի մասշտաբով հայտարարել համընդհանուր կարանտին»,- հայտարարել է Իրակլի Չիքովանին:
| Print |