Լուրեր
Կրակի հետ եք խաղում. Վրաստանի գլխավոր վարակաբանը բնակչությանը զգուշացնում է վարակի նոր վտանգների մասին
Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ու հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն բնակչությանը խորհուրդ է տվել կրակի հետ չխաղալ, մնալ տներում, չնպաստել վարակի տարածմանը: Այս մասին լուրը տարածում է Ալիք Մեդիան:


Ապրիլի 14-ին Վրաստանում առաջին անգամ միանգամից 30 նոր դեպք էր հաստատվել, սա ըստ վարակաբանի՝ մտահոգիչ նշան է:

«Մենք գոնե մեկ րոպե թուլանալու ու հանգստանալու իրավունք չունենք: Ես էլի տեսնում եմ Թբիլիսիի փողոցներում մեծ շարժ, մարդիկ հավաքվում են: Սա անթույլատրելի է: Իմացեք՝ կրակի հետ եք խաղում: Եկող 2-3 շաբաթները շատ ծանր են լինելու: Մեծ թվեր են սպասվում: Ես կրկին կոչ եմ անում՝ հետևեք պետության հորդորներին»:

Եթե Վրաստանում մի քանի հազար դեպք գրանցվի, պացիենտների 20-30%-ին ինտենսիվ թերապիա և վերակենդանացման միջոցառումներ են անհրաժեշտ լինելու, իսկ սա ըստ մասնագետի՝ մեծ բեռ է երկրի առողջապահական համակարգի համար, հետևաբար՝ մեծ կորուստներ են լինելու:

Հիշեցում՝

  • Վրաստանում դեպքերի թիվը հասել է 394-ի, 4-ը՝ մահվան ելքով:
  • Արտակարգ դրությունը հետաձգվել է մինչև մայիսի 10-ը
  • Մեծ քաղաքները 10 օրով փակելու որոշում է կայացվել
| Print |