Լուրեր
«Ոչ թե տոնելու, այլ նախապատրաստվելու ժամանակն է»
Եվրոպական երկրները թուլացնում են կարանտինի սահմանափակումները, մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի բաժնի տնօրեն Հանս Կլյուգեն նախազգուշացնում է, որ եվրոպական առողջապահության ազգային համակարգերը պետք է նախապատրաստել նոր փուլին:

Մասնագետների համոզմամբ՝ մեծ է հավանականությունը, որ կորոնավիրուսի համավարակը կդառնա էնդեմիկ՝ տեղավարակ: Այդպես են համաճարակաբաններն անվանում որևէ տարածքում կոնկրետ վարակիչ հիվանդության մշտական առկայությունը, որը կարող է բացատրվել մի շարք գործոններով՝ բնությամբ, կլիմայով, սոցիալական կամ տնտեսական հանգամանքներով:

Կլյուգեի փոխանցմամբ՝ կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային, ինչպիսին է, օրինակ, գրիպը:

«Դասը, որը քաղել ենք, այս է՝ հիմա ոչ թե տոնելու, այլ նախապատրաստվելու ժամանակն է, սա առաջին համավարակը չէ, որը տեսել է մարդկությունը, բայց վստահաբար ամենաավերիչներից է: Մենք տեսանք, թե ինչպես մեկ-երկու շաբաթվա ընթացքում տապալվեցին նույնիսկ ամենահզոր առողջական համակարգերը, ուստի առանցքային նշանակություն է ստանում առողջական համակարգի պատրաստությունը, հանրային առողջության կարողությունը»,- ասել է Հանս Կլյուգեն Կոպենհագենում առցանց կազմակերպված գիտաժողովում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի բաժնի տնօրենը Եվրոպայի ազգային կառավարություններին կոչ է արել լսել հանրության կարծիքը և ձեռնարկել միջոցներ, որոնք թույլ կտան արագ և արդյունավետ գործել համավարակի հնարավոր նոր բռնկումների դեպքում:

Եվրոպայում կորոնավիրուսով ախտահարվել է մոտ 1 միլիոն 780 հազար մարդ, մահացել է շուրջ 160 հազար հիվանդ:

Մեկ օրում ախտահարումների թվով առաջին տասնյակում են Ռուսաստանը, Բրիտանիան և Իսպանիան:

Այնուամենայնիվ, ըստ Կլյուգեի, հիմա մտահոգություն է հարուցում Եվրոպա աշխարհամասի արևելյան հատվածը, որտեղ կորոնավիրուսի տարածումը դեռ չի հաջողվում զսպել:

Կլյուգեն գիտաժողովի ընթացքում խոսել է առողջապահության համակարգի աշխատանքը խոչընդոտող գործոնների մասին: Դրանց թվում են վիրուսի տարածման դեմ ձեռնարկվող միջոցառումների հանդեպ հանրության շրջանում մերթընդմերթ ի հայտ եկող անվստահությունը, դավադրապաշտական, հակագիտական թեզերի տարածումը և համավարակի պայմաններում նոր վարվելակերպ որդեգրելու, իշխանության պատկան մարմինների, բժիշկների ու մասնագետների հորդորներն անտեսելու՝ հանրության որոշ հատվածի գործելակերպը:

Մասնագետը զգուշացնում է, որ նման վերաբերմունքի արդյունքում հանրությունները կվատնեն կորոնավիրուսի դեմ պայքարում ծանր գնով ձեռք բերած նվաճումները, COVID-19-ը մարդկանց հետ կշպրտի, ու նրանք ստիպված կլինեն նորից անցնել այս դժվար ճանապարհը:
| Print |