Լուրեր
Գյումրիում սառցաբեկորների տակ մնացած ավտոմեքենաների ուղևորներին դուրս են բերել նավակներով
Հուլիսի 13-ի ցերեկը, ժամը 16։00-17։00 ընկած ժամանակահատվածում Գյումրիում դիտվեց աննախադեպ երևույթ, երբ 1 ժամվա ընթացքում տեղաց խիստ հորդառատ անձրև և երկարատաև կարկուտ։ Տեղումների քանակը 1 ժամվա ընթացքում կազմեց 81մմ, որը ամսական նորմայի կրկնակին է։

Դիտված ինտենսիվ անձրևի և կարկտի առաջացման պատճառը հետևայլան է․

Հուլիսի 13-ին ՀՀ տարածքը գտնվել է Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որի ամպամածության գոտին տեսանելի է արբանյակային լուսանակարի վրա։ Ցերեկը ժամը 15։00 դրությամբ ՀՀ-ից դեպի արևմուտք նկատվել է հզոր կույտաանձրևային ամպերի զարգացում։

Օդերևութաբանական ռադարի վրա ցերեկը ժամը 15։00 տվյալներով նկատվում են հզոր ամպրոպային ամպեր, որոնք գտնվում են Շիրակից հարավ և հարավ-արևմուտք։ Այդ ամպերի ուղղաձիգ հզորությունը հասնում է 12-14կմ-ի և ունեն 50դբզ անդրադարցման մակարդակ, ինչը ցույց է տալիս, որ այդ գոյացությունները գերհզոր կարկտի և անձրևի կուտակումներ են։

Քանի որ 5000-7000մ բարձրությունների վրա, որտեղ գտնվում են այդ ամպերի հիմնական զանգվածները առկա են եղել հարավային և հարավ-արևմտյան հոսանքներ, դրանք ժամը 16։00 սահմաններում հասել են Շիրակ, իսկ ամենակտիվ գոտում հայտնվել է Գյումրին, որտեղ թափվել է աննախադեպ քանակի անձրև և կարկուտ։

Առատ տեղումների պատճառով Գյումրի քաղաքում առաջացել են մեծ հեղեղումներ, որոշ հատվածներում սելավաջրերը ծածկել են ավտոմեքենաները և լցվել բնակելի շինությունները։



| Print |