Լուրեր
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված երթն Ախալցիխեում
Այսօր ապրիլի 24-ն է, Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման օրը։ Հայերն, ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում և այլ պետություններում հիշում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերին: Ախալցիխեում բնակվող հայերը, հաշվի առնելով համաճարակն ու սահմանված արգելքները, հավաքվեցին նախ ՍԲ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, իսկ պատարագից հետո ուղևորվեցին դեպի Խաչքար:

Հայկական կողմի համար, 1915-23 թվականներին գրեթե 1,5 մլն մարդ բնաջնջվեց: Կես միլիոնից ավելի հայեր ցրվեցին աշխարհով մեկ՝ ձեւավորելով հայկական Սփյուռքը։ Ցեղասպանության հետեւանքով Արեւմտյան Հայաստանը զրկվեց իր բնիկ ժողովրդից, իսկ հայերը՝ իրենց պատմական հայրենիքից: Ոչնչացվեցին հազարավոր պատմական եւ ճարտարապետական կոթողներ ու հուշարձաններ, ձեռագրեր, պղծվեցին սրբավայրերը: Հրկիզվեցին եւ կողոպտվեցին ավելի քան 60 հայկական քաղաքներ եւ 2,5 հազար գյուղեր: «Հանցագործություն մարդկության դեմ» ձեւակերպումն առաջին անգամ կիրառվել է Հայերի ցեղասպանությունը դատապարտելու առիթով, երբ Օսմանյան Թուրքիայի հետ պատերազմող Անգլիան, Ռուսաստանն ու Ֆրանսիան 1915թ․ մայիսի 24-ին ընդունած համատեղ հայտարարությամբ պահանջեցին դադարեցնել հայերի սպանդը, խոստանալով գտնել ու պատժել աննախադեպ ոճրի բոլոր կազմակերպիչներին։ Ցեղասպանություն եզրույթը Ռաֆայել Լեմկինը ձեւակերպել է հիմք ընդունելով Հայկական ջարդերը։

Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են մի քանի տասնյակ պետություններ, առաջինը Ուրուգվայն էր՝ 1965 թվականին, հետագայում՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Չեխիան, Վատիկանը, ԱՄՆ-ը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել են նաեւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ միջազգային այլ կազմակերպություններ:
| Print |