Լուրեր
Գնաճին նպաստում են նաև խուճապային գնումները. ՄՊՀ նախագահ
Չնայած պետական գերատեչությունները շարունակում են պնդել, որ Հայաստանում որևէ ապրանքի դեֆիցիտ չկա, քաղաքացիները շարունակում են մեծ ծավալներով գնել հիմնական պարենային ապրանքները՝ այլուր, ձեթ, կարագ, շաքարավազ, մակարոնեղեն։

Սուպերմարկետներում հերթերի մեջ սպասող քաղաքացիները բացատրում են՝ առաջին անհրաժեշտության ապրանքների օր-օրի թանկացումն անհնար է չնկատել և այս մեծածավալ գնումներով հույս ունեն առաջին հերթին գումար խնայել։

Անցած շաբաթ աշխարհում ցորենի թիվ մեկ մատակարար Ռուսաստանը հայտարարեց, որ մինչև սեպտեմբեր դադարեցնում է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը Եվրասիական տնտեսական միություն, որի անդամ է նաև Հայաստանը։ Բացի այդ, արգելվում է շաքարի ու եղեգնաշաքարի հումքի արտահանումը Եվրասիական տնտեսական միության տարածքից դուրս։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը երեկ լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, թե Ռուսաստանի այս սահմանափակումը սխալ է մեկնաբանվում, և Հայաստանում որևէ խնդիր չի առաջանա. - «Եթե ունենային որևէ անհանգստացնող տվյալ, որ որևէ ապրանքի ծավալ չի բավականացնելու, մենք կսահմանափակեինք առևտուրը ու այլ մեխանիզմներ կկիրառեինք։ Այս պահին նման խնդիր չկա։ Մյուս մեկնաբանությունը, որ Ռուսաստանի Դաշնությունը փակել է դեպի ԵԱՏՄ երկրներ ցորենի, ալյուրի, ձեթի, շաքարի արտահանումը, մի քիչ այլ ձև ա կարգավորումը, մեկնաբանությունները մամուլում մի քիչ այլ ձև են տրվում։ Նախ, սահմանափակել է, որպեսզի քվոտավորմամբ, ըստ ԵԱՏՄ արդամ երկրների պահանջի, տրվի համապատասխան քանակի մթերք։ Մենք մեր քվոտաները ցանկը, համաձայն սովորական հաշվարկի, ամիսների կտրվածքով ներկայացրել ենք, և որևէ խնդիր չկա»։

Ինչ վերաբերում է ապրանքների թանկացմանը, պետական մարմնի ղեկավարը պնդում է՝ նման իրավիճակ է ամբողջ աշխարհում, բացի այդ գնաճին նպաստում են նաև խուճապային գնումները. - «Հայաստանի Հանրապետությունում, ի տարբերություն շատ ու շատ այլ երկրների, շատ ավելի էժան է գինը։ Որովհետև ոչ թե մեր շնորհքն ա, այլ որովհետև Ռուսաստանի Դաշնությունից ավելի հարմար գնով ա գալիս։ Հիմա փորձում ենք ավելի էժան ճանապարհներ գտնել տնտեսվարողների հետ, որպեսզի գնային շոկեր չլինի»։

Հանգստյան օրերից հետո այսօր սուպերմարկետներում խուճապային գնումներ կատարողների թիվը զգալիորեն նվազել էր, իսկ դատարկված դարակները լցվել էին նոր ապրանքներով։ Իսկ որ դեֆիցիտ չկա, պնդում են նաև խոշոր սուպերմարկետների մենեջերները. - «Տենց ֆիրմա չկա, որ զանգես, ասի՝ ես ապրանք չունեմ։ Բոլոր ապրանքները կան, ուղարկում են մեզ մեր քանակներով»։

Դեֆիցիտ չկա, բայց գների բարձրացում կա և տարբեր գնահատականներով շարունակվելու է։ Ըստ գործարար Հարություն Մնացականյանի, մեծ ռիսկի տակ են հայտվում անասնապահության և թռչնաբուծության ոլորտները, և ավելի մեծ վնասններ են կրելու փոքր խաղացողները։

Բացատրում է՝ խոշոր գործարարները իրենց տարեկան վաճառքի պաշարներն ունեն, իսկ փոքրերը ներկրումները կատարում են շաբաթվա, ամսվա կամ եռամսյա կտրվածքով. - «Խոշոր գործարարները անասնակերը գարու տեսքով, ֆուրաժային ցորենի տեսքով և եգիպտացորենի տեսքով գնած և մթերած լինեն՝ բնականաբար օլիգոպոլ համաձայնության գալով, ինչը արդեն կա։ Տեսեք, գարու գինը, եգիպտացորենի գինը դառել է շուկայում 200 դրամ, ցորենի գինը՝ 220 դրամ։ Նախկինում 140, 150, մաքսիմում 160 դրամ է եղել։ Ինչը բերելու է մսամթերքի և հավկիթի գնի բարձրացմանը»։

Պաշտոնական վիճակագրությամբ, Հայաստանը ներքին շուկային անհրաժեշտ ցորենի երեք քառորդը ներմուծում է Ռուսաստանից։ Վիճակագրական կոմիտեի և Պետեկամուտների կոմիտեի տվյալների համաձայն, անցած տարի Հայաստանում սպառվել է 367 հազար տոննա ցորեն, որից ընդամենը մեկ քառորդը՝ 97 հազար տոննան է տեղում աճեցվել։

Գործարար Հարությունյանը կարևորում է, որ պետությունը շուկայում վերահսկողություն իրականացնի, որպեսզի Հայաստանին անհրաժեշտ պաշարները ավելի բարձր գնով չարտահանվեն երրորդ երկրներ և տեղում պակասուրդ չառաջանա։

Պաշտոնական գերտեսչություններից ողջ օրվա ընթացքում հնարավոր չեղավ մեկնաբանություն ստանալ, թե այս ուղղությամբ կոնկրետ ինչ քայլեր են իրականացվում։
| Print |