Լուրեր
Զորահավաք. Արդյո՞ք ախալքալաքցիները լքում են Ռուսաստանը
Մինչդեռ Ռուսաստանում հայտարարված է մասնակի զորահավաք, և ՌԴ քաղաքացիները գրավում են երկրից հեռանալու բոլոր հնարավոր ուղիները, ինչպե՞ս են Ռուսաստանում ապրող կամ աշխատող ախալքալաքցիները վերաբերում այս իրավիճակին։ Ժամանակին արտագաղթի ճանապարհն ընտրած մարդիկ արդյո՞ք մտածում են Ախալքալաք վերադառնալու մասին։ Գրում է Jnews.ge-ն:

Մոբիլիզացիայի հայտարարումից հետո կարճ ժամանակ անց սպառվել են ավիատոմսերը Մոսկվայից դեպի այն երկրներ, որտեղ ՌԴ քաղաքացիների մուտքն առանց վիզայի թույլատրվում է, այդ թվում՝ Հայաստան։ Ավիատոմսերի գները բազմակպատիկ անգամ թանկացել են: Նույն օրը երեկոյան Ռուսաստանի և Վրաստանի սահմանին «Վերին Լարս» անցակետում խցանումներ են գոյացել Ռուսաստանի Դաշնությունը լքող մեքենաների պատճառով։

Մինչդեռ, Ռուսաստանում աշխատող ախալքալաքցիների շրջանում խուճապ չկա, պատճառն այն է, որ նրանցից շատերը կա՛մ Հայաստանի քաղաքացիներ են, կա՛մ լինելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ չեն ծառայել կամ հաշվառված չեն եղել Ռուսաստանում զինվորական ծառայության մեջ։

Սակայն այնտեղ ծնվածները, հեռացած ախալքալաքցիները, ովքեր չէին մտածում, որ երբևիցե Ռուսաստանից կվերադառնային հայրենիք, բոլորովին այլ վերաբերմունք ունեն մոբիլիզացիայի նկատմամբ, և հիմա փորձում են հետ ուղարկել իրենց որդիներին։

«Իհարկե, երեխաների համար վախենում ենք, ես ունեմ զորակոչիկ 18 տարեկան տղա, 19 տարեկան եղբորորդի: Տղաս անձնագիր չունի: Հենց որ ստանա, անմիջապես հետ կուղարկեմ Ախալքալաք»,- ասում է Ս.Մ.-ն:

Մյուսները, ինչպես հազարավոր տարբեր ազգությունների քաղաքացիներ, ժամանում են Վրաստան։

«Ես դեպի Վրաստան ճանապարհին եմ: Միշտ էլ հավանականություն կա, որ ինձ կզորակոչեն: Ընկերներիցս մի քանիսն արդեն ծանուցագիր են ստացել: Ես էլ կստանա՞մ: Ավելի ստույգ՝ ուղարկե՞լ են այն արդեն, չգիտեմ: Չգիտեմ, թե ինչ եմ անելու, եթե ինձ զորակոչեն, բայց ես չեմ ուզում գնալ պատերազմելու: Կխորհրդակցեմ ընկերներիս, ծանոթներիս հետ և այլն։ Հայերի (այդ թվում՝ ախալքալաքցիների) կարծիքը հնարավոր չէ որևէ կերպ առանձնացնել։ Դրանք բոլորը բաժանված են՝ «կսպասեմ, եթե զորակոչեն, կգնամ» և «մինչ ծանուցագիրը չեմ ստացել, կփորձեմ հեռանալ կամ կթաքնվեմ»։ Ինչ-որ մեկը, անշուշտ, խուճապի է մատնվում և գլխի մազերն է պոկում, ինչ-որ մեկն էլ գիտակցաբար և առանց խուճապի հասկանում է, որ իրավիճակը միայն սրվելու է, ուստի շտապում է երկիրը լքել: Ես դա չեմ կարող խուճապ անվանել»,- ասում է Մոսկվայի բնակիչը, որն ավարտել է համալսարանի ռազմական ամբիոնը։

Թե ինչպես կդասավորվի իրավիճակը, ախալքալաքցիները զանգվածաբար կվերադառնա՞ն հայրենիք, և արդյո՞ք Ռուսաստանը նրանց կթողնի Վրաստան՝ պարզ կդառնա ավելի ուշ։

Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է քաղաքացիներին և հայտարարել է մասնակի մոբիլիզացիա, համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրված է։ Նախագահի խոսքերով, Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչի կենթարկվեն միայն պահեստազորի քաղաքացիները, առաջին հերթին նրանք, ովքեր փորձ ունեն։

Այնուհետև ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն պարզաբանել է, որ մասնակի մոբիլիզացիա, առաջին հերթին, անհրաժեշտ է տարածքները և 1000 կիլոմետրանոց շփման գիծը վերահսկելու համար։ Նա ավելացրել է, որ զորակոչվելու է 300 հազար պահեստազոր։ Շոյգուն նաև ասել է, որ մասնակի մոբիլիզացիան չի ազդի ուսանողների և ժամկետային զինծառայողների վրա։
| Print |