Լուրեր
ՌԴ-ն զինծառայողներին կարգելվի լքել երկիրը՝ մանրամասներ
ՌԴ-ում ռազմական հաշվառման մասին նոր լրացումները նախատեսում են երկրից ելքի արգելք բոլոր ծանուցագիր ստացածների համար։ Այս մասին ասված է փաստաթղթում, որը հրապարակվել է Պետդումայի գործունեության օրենսդրական բազայում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Քաղաքացիներին, որոնք ենթակա են զինվորական ծառայության ու զինկոմիսարիատներից ծանուցագիր են ստացել, այն օրից, երբ դաշնային օրենքի համաձայն նման ծանուցագիրը համարվում է հանձնված, արգելվում է ՌԴ-ից ելքը։ Նշված սահմանափակումն ուժի մեջ է մինչև զինկոմիսարիատ ներկայանալու պարտավորության կատարումը»,- ասված է օրինագծում։

Փոփոխությունները ներկայացրել են Դումայի բոլոր հինգ խմբակցությունների ներկայացուցիչները։ Երեքշաբթի օրը Պետդուման դրանք կընդունի երկրորդ և երրորդ ընթերցմամբ։

Օրենքն ուժի մեջ կմտնի Դաշնային Խորհրդի կողմից հաստատվելուց և Նախագահի կողմից ստորագրվելուց հետո։

Նաև, Ռուսաստանում զինկոմիսարիատներ ծանուցագրերն այսուհետ կհանձնվեն ոչ միայն թղթային, այլ նաև էլեկտրոնային տեսքով, ծանուցագրերը կհամարվեն հանձնված բոլոր դեպքերում։

Ծանուցագիրը կհամարվի ստացված այն պահից, երբ դրա էլեկտրոնային պատճենը կտեղադրվի Պետական ծառայությունների «անձնական հաշվում»։Այս մասին հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը՝ մեկնաբանելով նոր փոփոխությունները։

Եթե զինապարտը ծանուցագիրը չի ստացել գրավոր կամ էլեկտրոնային տարբերակով, ապա այն կհամարվի հանձնված՝ ծանուցագրերի գրանցամատյանում տեղադրվելուց յոթ օր հետո։ Նման ռեեստրի ստեղծումը նախատեսված է օրինագծով։


| Print |