Ռուսաստանի քանի քաղաքացի է ստացել Վրաստանի քաղաքացիություն
2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը պետծառայությունների զարգացման գործակալության կողմից Վրաստանի նախագահի վարչակազմին Վրաստանի քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ ուղարկվել է 10 834 դրական եզրակացություն:
Ինչպես հայտնել են նախագահի վարչակազմից, այդ եզրակացություններից Վրաստանի քաղաքացիություն շնորհվել է 10 774 անձի:
«Վրաստանի քաղաքացիություն շնորհվել է 10 774 անձի, որից 5 480 նախկինում Վրաստանի քաղաքացի հանդիսացած անձանց՝ վերականգնման կարգով, 19 անձին՝ սովորական կարգով, 34 անձին՝ պարզեցված կարգով, 15 անձին՝ հատուկ կարգով, 5 226 անձին՝ բացառիկ կարգով, իսկ 60 անձին մերժվել է Վրաստանի քաղաքացիություն ստանալ բացառիկ կարգով», - նշել են նախագահի վարչակազմից:
2022 թվականից սկսած Վրաստանի քաղաքացիություն շնորհվել է Ռուսաստանի 4 385 քաղաքացու, որոնցից 4 188-ը ազգությամբ վրացիներ էին: Նրանց թվում 187 անձ Վրաստանի քաղաքացու ընտանիքի անդամ էր, 10-ը՝ սպորտի, գիտության կամ արվեստի բնագավառի ներկայացուցիչներ, որոնք ցանկանում էին շարունակել իրենց գործունեությունը Վրաստանի անունից: