Լուրեր
Որ մասնագետները ենթակա չեն զորահավաքի․ ՌԴ ՊՆ-ի պարզաբանումը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հստակեցրել է քաղաքացիների կատեգորիաները, որոնք ենթակա չեն մասնակի զորահավաքի: Ցանկը հրապարակվել է ռազմական գերատեսչության Telegram ալիքում։

ՊՆ-ում պարզաբանել են, որ մասնակի զորահավաքի ենթակա չեն լինելու այն կազմակերպությունների աշխատակիցները, որոնք ապահովում են բարձր տեխնոլոգիական ճյուղերն ու ֆինանսական համակարգը: Այնտեղ հստակեցրել են, որ խոսքը բարձրագույն կրթություն ունեցող աշխատակիցների մասին է՝ համապատասխան մասնագիտությունների և վերապատրաստման ուղղություններով։

ՊՆ-ում ընդգծել են, որ քաղաքացիներին զորակոչից ազատելու համար հիմք է պետք. համապատասխան կազմակերպությունների ղեկավարները պետք է ցուցակներ կազմեն սահմանված կարգով և տրամադրեն զինված ուժերի գլխավոր շտաբ:

Զորահավաքի ենթակա չեն լինի ՏՏ ոլորտի կազմակերպությունների աշխատակիցները

Խոսքն այն աշխատակիցների մասին է, որոնք ներգրավված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուծումների մշակման, ներդրման, ուղեկցման և շահագործման մեջ, որոնք ապահովում են տեղեկատվական ենթակառուցվածքի գործունեությունը։

Բացառություն կլինեն նաև կապի ռուսական օպերատորները

Մասնակի մոբիլիզացիայի տակ չեն հայտնվում կապի կառույցների, տվյալների մշակման կենտրոնների, ընդհանուր օգտագործման կապի միջոցների գործունեության կայունության, անվտանգության ապահովման գործում ներգրավված կազմակերպությունները:

Տեղեկատվական ոլորտի կազմակերպությունները նույնպես կարող են մասնակի մոբիլիզացիայի չենթարկվել

Խոսքը տեղեկատվության և հաղորդակցության ոլորտի հիմնադիր կազմակերպությունների, ինչպես նաև նրանց փոխկապակցված անձանց մասին է, «որոնք հանդես են գալիս որպես գրանցված լրատվամիջոցի հիմնադիր և (կամ) խմբագրություն և (կամ) հրատարակող և (կամ) հեռարձակող. հեռուստաալիք, ռադիոալիք, ինչպես նաև մեդիա արտադրանքի արտադրությամբ և (կամ) տարածմամբ զբաղվողներ»:

Բացառությունները տարածվում են նաև ֆինանսական ոլորտի վրա

Այստեղ նկատի ունեն այն կազմակերպությունները, որոնք ապահովում են ազգային վճարային համակարգի և ֆինանսական շուկայի ենթակառուցվածքի կայունությունը, բանկային իրացվելիության կառավարումը, կանխիկ դրամական շրջանառությունը:

Տարկետում կտրվի միայն լրիվ դրույքով աշխատող աշխատակիցներին

Տարկետման իրավունք կարող են ստանալ բարձրագույն կրթություն ունեցող և լրիվ դրույքով աշխատող ՏՏ ոլորտի և կապի ոլորտի աշխատակիցները:

Նախարարությունում ճշտել են, որ կազմակերպության ղեկավարը պետք է հաստատի, որ կոնկրետ աշխատակիցները ներգրավված են պաշտպանության նախարարության կողմից թվարկված միջոցառումներին:

Ավելի վաղ տարկետում էին տվել պաշտպանական ձեռնարկությունների աշխատակիցներին

Պաշտպանական-արդյունաբերական ձեռնարկությունների աշխատակիցները տարկետում են ստանում, սակայն միայն աշխատանքի ժամանակ։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել էր, թե ինչպես է տեղի ունենալու մասնակի զորահավաքը։
| Print |