Նորություններ
Ինչպե՞ս են Ախալցիխեում վարորդներն ու ուղևորները փնտրում միմյանց
Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված կետային սահմանափակումները ուժի մեջ կմնան մինչև փետրվարի 1-ը: Գոյություն ունեցող սահմանափակումների պատճառով կանոնակարգերի խստությունն արդեն զգացել է տրանսպորտային բիզնեսը: Երթուղայինների և ավտոբուսների վարորդները, ովքեր ամեն օր քաղաքից քաղաք ուղևորներ էին տեղափոխում, կորցնում են հիմնական եկամուտները: Իսկ քաղաքացիները ստիպված են վճարել կրկնակի գումար:

«Եթե ինչ որ մեկը գնում է դեպի Թբիլիսի, տեղյակ փահեք», «Գնում եմ դեպի Թբիլիսի, ցանկացողները թող կապնվեն նշված համարով»,- սոցցանցում հաճախ կգտնեք նման հաղորդագրություններ: Վարորդները և ուղևորները միմյանց փնտրում են սոցիալական խմբերում: Քաղաքից քաղաք տեղափոխվելու համար, մարդիկ հաճախ օգտագործում են այս մեթոդը, քանի որ համաճարակի պատճառով, Վրաստանում մեկուկես ամիս արգելվում է միջքաղաքային տրանսպորտի երթևեկությունը:

Միկրոավտոբուսների և ավտոբուսների տեղաշարժի սահմանափակումից հետո, քաղաքից քաղաք ուղևորվելու այլընտրանքային եղանակը տաքսին է կամ անձնական մեքենան, ինչը ուղևորի համար կապված է կրկնակի ծախսերի հետ:

«Մինչ այժմ 10 լարի արժեր, հիմա 20-25 լարի է, ինչպես կարելի՞ է: Այլ ընտրանք չունենք, համացանցում փնտրում ենք մարդկանց, ովքեր Ախալցիխեից գնում են Թբիլիսի»,- ասում է Դալի Քոզաշվիլին:

«Շատ դժվար է քաղաքից քաղաք գնալը: Պետք է փնտրես, թե ով է գնում գալիս այդ օրը: Հաստատ չես էլ իմանա, կգնա թե ոչ: Եթե մեքենայում ազատ տեղ մնա, ապա չի գնա մեքենան: Նախկինում հարկ եղավ գնալ Թբիլիսի, ստիպված եղա կրկնակի վճարել: Առանց այն էլ բարդ իրավիճակում ենք, իսկ այս արգելքների պատճառով էլի հասարակ քաղաքացիներս ենք տուժում»,- ասում է տեղացի՝ Ժուկա Բալախաշվիլին:
Միջգերատեսչական համակարգող խորհրդի հայտարարության համաձայն, միջքաղաքային երթևեկության սահմանափակումը պետք է շարունակվել մինչև հունվարի 16-ը, սակայն կառավարությունն այսօր ՝ հունվարի 11-ին, երկարաձգեց սահմանափակումները մինչև փետրվարի 1-ը:

«Գիտեք, որ համատեղ ջանքերի արդյունքում, առողջապահության ոլորտի և ընդհանուր առմամբ կառավարության թիմի ջանքերի արդյունքում, մենք ունենք ամենօրյա վարակման վիճակագրության որոշակի կարգավորում և կայունացում: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Եվրոպայում, որտեղ երրորդ ալիքի որոշակի նշաններ կան, և եվրոպական մի շարք երկրներ այս օրերին խստացնում են կանոնակարգերը: Այդ պատճառով մենք քննարկեցինք խորհրդի նիստում և որոշեցինք պահպանել ռեժիմը, որն առկա է այսօր, կետային սահմանափակումները պահպանել մինչև փետրվարի 1-ը: Մեր խնդիրն է օգտագործել մնացած երկու-երեք շաբաթը` փետրվարի 1-ից առաջ, որպեսզի շատ ակտիվ հաղորդակցություն ունենանք բիզնեսի հետ և պատրաստվենք ավելի անվտանգ բացումներին, ինչպիսիք են առևտրի ոլորտը և հասարակական տրանսպորտը», – հայտարարել է Նաթիա Թուրնավան:

Կանոնակարգերի միջոցով՝ կրճատվեց վարակվածների թիվը երկրում, բայց միևնույն ժամանակ ստացանք տնտեսական ծանր վիճակում գտնվող բիզնես: Հետևաբար, ուղևորներն ու տաքսու վարորդները սկսեցին լուծում գտնել: Որպեսզի սոցիալական ցանցում որոնման գործընթացը հեշտացվի, մարդիկ ստեղծել են կայքեր, որոնց անդամակցում են մեքենաների վարորդները, և քաղաքացիները կարող են նախօրոք ամրագրվել:

Մամուկա Կապանաձեն այն վարորդներից է, ով գրեթե ամեն օր ուղեւորներ է տեղափոխում Ախալցիխեից դեպի Թբիլիսի: Թեթև մեքենայով Թբիլիսի ուղևորվելն արժե 20 լարի այն դեպքում, երբ նախկինում վճարում էին 10 լարի:

«Երբ առաջին անգամ հայտարարեցին տրանսպորտի երթևեկության արգելքի մասին, այդ ժամանակ սկսեցի այս գործը: Արդեն ունեմ իմ հաճախորդները, հիմնականում Թբիլիսի եմ ուղևորվում: Համաճարակի պատճառով, գործս կորցրել եմ, որից հետո սկսեցի այսպես աշխատել: Ունեմ բոլոր ծառայությունները: Ուղևորների քանակը կախված է իմ աշխատանքից: Եթե չունեմ ուղևոր, չեմ գնում: Եթե այստեղից 4 ուղևոր ունեմ, գնում եմ ու Թբիլիսիում սպասում, որ մարդ գտնեմ ու հետ գամ:

Մարդկանց տրանսպորտ է պետք: Ախալցիխեում գրեթե բոլորը, ովքեր կորցրել են աշխատանքը, այսպես են սկսել աշխատել: Օրինակ ես, իմ ընտանեկան հյուրանոցը փակել եմ և այս գործով եմ զբաղված»,-
ասում է Մամուկա Կապանաձեն:
Համաճարակն ու սահմանափակումները գործունեության մեջ խանգարեցին նաև տեղացի՝ Զազա Պարունաշվիլիին: Նա վեց տարի է տաքսու վարորդ է, սակայն համաճարակի պատճառով եկամուտը զգալի նվազել է: Դժվարացել է պահել ընտանիքն ու որոշել է, ցանկացողներին սեփական մեքենայով սպասարկել և առաջարկել փոխադրումներ դեպի Ախալցիխե-Թբիլիսի: Նրա ընտանիքի հիմնական եկամուտը հիմա միայն այս գործունեությունն է: Զազա Պարունաշվիլին ասում է, որ իր գործը շարունակել կարող է միայն մինչև արգելքների չեղարկումը, քանի որ դրանից հետո դիմորդների քանակը կնվազի:

«Համաճարակը բավական խանգարեց: Երբ երթևեկությունն արգելվեց, ես որոշեցի սկսել իմ մեքենայով ուղևորներ տեղափոխել Ախալցիխե-Թբիլիսի, Թբիլիսի-Ախալցիխե ուղղությամբ: Դիմորդներ շատ կան, մինչև Դիդուբե երթևկությունն արժե 15 լարի: Մինչ այժմ ուղևորներ ունեմ: Ամեն օր գնում եմ, սոցիալական կայքը շատ օգնեց, որպեսզի տարածեի այս լուրը: Ախալցիխեի խմբերում գրում եմ և մարդիկ այդպիսով կապնվում են ինձ հետ: Իմ ընտանիքի միակ եկամուտը սա է: Երբ տրանսպորտը վերականգնի իր աշխատանքը, հետո էլ կշարունակեմ, բայց կասկածում եմ, որ դիմորդներ լինեն: Ինչ անենք, այս ծանր վիճակում սա միակ ելքն է»:

Վրաստանում Նոյեմբերի 28-ին արգելվեց միջքաղաքային տրանսպորտի երթևեկությունը: Արդյունքում, Ախալցիխեում շուրջ 50 վարորդներ մնացին առանց աշխատանքի ու եկամուտի:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |