Նորություններ
Բենզինն ու ձեթը` Վրաստանի շուկայի «թանկ ռեկորդակիրներ»
Արդեն քանի ամիս է` Վրաստանում բենզինի գները միայն աճում են. Վառելիքի որոշ տեսակների մեկ լիտրի գինն անցնում է 3 լարիից (մոտ 1դոլար) :

«Regular» բենզինը միջինում 2,58-2,62 լարի է, «Premium» -ի մեկ լիտրը` 2,79-2,82 լարի, «Super» տեսակը` 2,88-2,92: «Super»-ի որոշ կատեգորիաներ` 3,08 լարի: Միայն վերջին 1 ամսում բենզինը 15 թեթրիով թանկացել է, մեկ տարում` 60-70 թեթրիով:

Վրաստանում բենզինի գնի աճը պայմանավորված է ինչպես օտարերկրյա շուկաներում գնի փոփոխությամբ, այնպես էլ դոլարի նկատմամբ լարիի արժեզրկմամբ: Տարեսզբից նավթամթերքի գինը համաշխարհային շուկայում միայն աճել է: Ապրիլի 5-ին Լոնդոնի առաջատար ֆոնդային բորսայում կայացած առքուվաճառքի արդյունքում` «Brent» տեսակի նավթի մեկ բարելն արժեցել է 68,65 դոլար` հունվարի սկզբի 50,73 դոլարի փոխարեն:

Վրաստանի ազգային արժույթը միայն վերջին ամսում 10 թեթրիով էժանացել է` դոլարի նկատմամբ: Վրաստանում բենզինը ներմուծվող արտադրանք է: Բենզինի գինը ներառում է նաև ֆիքսված ակցիզային հարկ, որը 2017-ին աճել է և կազմել 500 լարի` մեկ տոննայի համար: Բենզինի թանկացման դեմ Վրաստանի վարորդները բազմիցս բողոքի ակցիաներ ու երթեր են կազմակերպում:

Թանկացման տեմպերով հետ չի մնում նաև բուսական յուղը, որը վերջին մեկ ամսում նկատելիորեն թանկացել է` որոշ տեսակների դեպքում` լիտրի համար ավելի քան 100 տոկոսով: Պատճառները կրկին նույնն են. վրաստանյան շուկայում բուսական յուղը հիմնականում ներմուծված է:

Ալիք Մեդիա
| Print |