Նորություններ
Էրդողանն ու Ալիևը քննարկել են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին և դրան ի պատասխան՝ համատեղ քայլերը, հաղորդում է NTV հեռուստաալիքը:

«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները դատապարտել են ԱՄՆ նախագահ Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին՝ նշելով, որ այդ որոշումը սխալ էր, նախագահ Իլհամ Ալիևն այն պատմական սխալ է անվանել։ Նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանն անընդունելի է համարում այդ հայտարարությունը», – ասված է Ալիևի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսով քննարկել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

«Ս. թ. ապրիլի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։ი

Նախարար Ջեյհուն Բայրամովը 1915 թվականի իրադարձությունները քաղաքականացնելու որոշ երկրների ղեկավարների փորձերն անընդունելի է անվանել և ընդգծել, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը «պատմական փաստերի խեղաթյուրում էր»», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին ափսոսանք է առաջացնում, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ցեղասպանություն էր ճանաչել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում էթնիկ հայերի զանգվածային սպանությունները:

Ինչպես ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հիմնված է պոպուլիզմի վրա, Թուրքիան մերժում է այն:Nor.ge
| Print |