Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Հարության տոնին նախորդող կիրակի օրը տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Այսօր, ապրիլի 5-ին Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց պատարագ, սակայն բացի հոգևոր անձանցից եկեղեցում ոչ ոք չի եղել:
«Վրաստանում արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո, եկեղեցում պատարագն անցկացվում է առավոտյան 08:00-ին և առանց հավատացյալների ներկայության: Փորձում ենք աջակցել պետությանը, ապահովել քաղաքացիների անվտանգությունը»,- ասում է Տեր Հակոբ աբեղա Սահակյանը:
Ծաղկազարդին եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու անպտուղ ոստերը խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Դրանք մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Սուրբ Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները: