Ճրագալույցի պատարագն ու Զատիկը եկեղեցական փակ դռների ներսում
Ապրիլի 11-ի երեկոյան Ախալցիխեի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում դռնփակ մատուցվեց Ճրագալույցի Սուրբ և Անմահ պատարագ: Այսօր Ավագ շաբաթն է՝ Ճրագալույց Զատկի։ Այս օրը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից:
Տեր Հակոբ աբեղա Սահակյանի խոսքով, պատարագի ավարտին, քրիստոնյաները 4 ժամ շարունակ, պահպանելով առողջապահության նախարարության կողմից տրված բոլոր խորհրդատվությունները՝ կարգով և հեռավորությունը պահպանելով, խորանի մոմից վառել են իրենց մոմերը:
«Ճրագալույցի պատարագը սկսվեց 14:30-ին, շարունակվեց մինչև ժամը 16:00-ն: Քրիստոնյաները պահպանելով սոցիալական հեռավորությունը, առանց որևէ խախտման, հերթով մոտենում էին խորանին, վառում էին մոմերը և գնում էին տուն: Հավատքն է, որ զինում է մարդու կյանքն Աստծո ներկայությամբ՝ դիմագրավելու աշխարհի փորձություններին ու փորձանքներին: Մեր ժողովրդի պատմությունը հավատքի զորությամբ ամեն տեսակ չարիք ու տագնապ հաղթահարելու պերճախոս վկայություն է: Այս տագնապալի օրերին աղոթում ենք մեր ժողովրդի զավակների և բոլոր ընտանիքների առողջության ու անվտանգության համար: Թող Բարձրյալն Աստված չարից հեռու պահի մեզ, մեր եղբայր ազգին և բոլորին: Թող Քրիստոսն իր հրաշափառ հարությամբ հեռու պահի աշխարհն ամեն տեսակ տագնապներից: Առողջություն և կազդուրում բոլոր հիվանդներին: Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»,- 9-րդ ալիքի մոտ ասում է Տեր Հակոբ աբեղա Սահակյանը:
Վաղը՝ ապրիլի 12-ին Ախալցիխեի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին նշելու է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը կոչվում է նաև Զատիկ, նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Պատարագը կսկսվի առավոտյան ժամը 08:30-ին, այն կշարունակվի մինչև 10:00-ն: Պատարագի ավարտից հետո հավատավոր անձինք պահպանելով սոցիալական հեռավորությունն ու հերթականությունը, հնարավորություն կունենան մտնել եկեղեցի, վառել իրենց մոմերը:
Հիշեցնենք, որ համավարակով պայմանավորված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական հորդորով Ավագ շաբաթվա արարողությունները և Սուրբ Պատարագներն անցկացվում են դռնփակ, առանց հավատացյալների ներկայության։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից ավելի վաղ հայտնել էին, որ հայտարարված արտակարգ դրության պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է հավատացյալներին պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս․ Պատարագից հետո, և, առավելագույն պատասխանատվությամբ պահպանելով ինքնամեկուսացման սահմանված կանոնները, հաջորդող օրերին առանձնաբար այցելել եկեղեցիներ և հոգևոր հովիվներից ստանալ Սուրբ Հաղորդություն։
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ: