Վրաստանում ավելի կարգապա՞հ են, թե՞ թեստերն են քիչ
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն ու վերլուծաբան Ջոնի Մելիքյանն այսօր ԱԺ կազմակերպած առցանց քննարկման ժամանակ փորձեցին պատասխանել հարցին, թե ինչպես է Վրաստանում հաջողվել կանխել վիրուսի տարածումն ու հիվանդության դեպքերի փոքր թիվ արձանագրել:
Վրաստանում կորոնավիրուսի գրանցված դեպքերը 589-ն են, մահվան դեպքերը՝ 8-ը, 5066 քաղաքացի մեկուսացված է: Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած տեսակապի ընթացքում հայտնեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը:
«Վերջին շրջանում մամուլում շատ է արծարծվում այն հարցը, թե ինչու է Վրաստանում վարակվածների թիվն այսքան քիչ: Ես ուղղակի ուզում եմ ասել, որ Վրաստանում տիրում է կարգապահություն»,- ասաց նա:
Սադոյանը, սակայն, չթաքցրեց, որ Վրաստանում ավելի քիչ քանակով թեստավորում է իրականացվում, քան Հայաստանում ու որ այդ երկրի իշխանությունները ներկայում սպասում են թեստերի նոր խմբաքանակին:
Կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, վրացագետ Ջոնի Մելիքյանը ևս անդրադառնալով Վրաստանում վարակի դեպքերի թվին, հիշեցրեց, որ առաջին դեպքերն այդ երկրում արձանագրվել են փետրվարի 26-ին, բայց դեռևս հունվարի 28-ին Վրաստանի կառավարությունում արդեն միջկառավարական խորհուրդ էր ստեղծվել, որը պետք է զբաղվեր կորոնավիրուսի դեմ պայքարով:
«Ի սկզբանե նրանք սկսեցին կիրառել որոշակի սահմանափակումներ: Խնդիրներ եղան Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում, որոնք կարանտինային գոտիներ համարվեցին, մուտք ու ելքը փակվեց: Վարակն այստեղ բերվել էր Ադրբեջանից: Բայց հաջողվեց լոկալիզացնել ու կանխել հետագա տարածումը»,- նշեց Մելիքյանը:
Վերլուծաբանը հիշեցրեց Էջմիածին քաղաքում վարակի տարածման ու կարանտինի գոտի հայտարարելու դեպքը՝ հավելելով, որ ՀՀ իշխանություններին, ի տարբերություն Վրաստանի, չհաջողվեց լոկալիզացնել վարակն ու այն, չնայած սահմանափակումներին, տարածվեց:
Այդուհանդերձ, Մելիքյանը ևս չբացառեց, որ Վրաստանում գրանցված դեպքերի փոքր թիվը կարող է ուղիղ համեմատական լինել կատարված թեստերի թվին:
«Միգուցե ավելի շատ թեստ անեին՝ ավելի շատ դեպքեր կգրանցվեին»,- ընդգծեց նա:
Միաժամանակ, փորձագետի խոսքով, Վրաստանում վարակի տարածումն ավելանում է, և իշխանությունները բացասական սպասումներ ունեն: Վիճակը հարևան հանրապետությունում, վերլուծաբանի խոսքով, էլ ավելի բարդացավ Սբ. Զատիկի տոնից հետո, քանի որ ի տարբերություն այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Վրաստանի եկեղեցին չաջակցեց իշխանություններին ու չփակեց եկեղեցական արարողությունների մուտքը քաղաքացիների համար:
armeniasputnik.am