Վրաստանում հորդառատ անձրեւներից առաջացած ջրհեղեղի հետեւանքով տուժել է 20 գյուղ
Կախեթիայում պայքարում են տարերքի դեմ հորդառատ անձրեւների հետեւանքով, որոնք չեն դադարել երկու օր շարունակ․ տուժել է շուրջ 20 գյուղ Քվարելի եւ Լագոդեխի շրջաններում, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն՝ հղում անելով «Ռուստավի 2» հեռուստաալիքին։
Քվարելիում ուժգին հոսանքն ավիրել է անտառահատման արտադրամասն ու տունը, որը գտնվում էր Դուրուջի գետի ափին։ Վնասված են ավտոճանապարհներ։ Նախնական տվյալներով՝ վնասվել է շուրջ 10 հեկտար գյուղատնտեսական հող եւ մի քանի բնակելի տուն։ Դեպքի վայրում աշխատում է ծանր տեխնիկա։
Տուժել են նաեւ Գուրգենիանի, Ցոդնիասկարի, Վարդիսուբանի, Քարթիբանի, Գիորգեթի, Ափենի, Չաբուկիանի եւ Լելիանի գյուղերը։ Վնասվել են տնամերձ հողամասերը, խաղողի այգիները, նկուղները եւ բնակելի շենքերի առաջին հարկերը։
Տեղաբնակներն ասում են, որ մասշտաբային ջրհեղեղի պատճառն անսարք դրենաժային համակարգերն են։ Նրանց խոսքով՝ իշխանությունները չեն զբաղվում դրանց մաքրման եւ սպասարկման աշխատանքներով։ Նրանք նաեւ նշում են, որ արդեն մի քանի տարի է չեն վերանորոգվում գետերի ափերն ամրացնող շինությունները, որոնք նախկինում պաշտպանում էին բնակելի տարածքները տարերքից։
Շրջանի բնակիչները հայտարարում են, որ ջրհեղեղի հետեւանքով նրանք մնացել են առանց բերքի, շատերի թռչնազգիները սատկել են։ Տուժածները պահանջում են օգնություն քաղաքապետարանից։