Քաղաքացիների կարծիքները սահմանափակումների մասին
Սահմանափակումների չեղարկման առաջին փուլը Վրաստանում մեկնարկել է ապրիլի 27–ին։ Ըստ կառավարության հայտարարությունների՝ սահմանափակումները հանվելու են աստիճանաբար։
Դրանց չեղարկմանը Վրաստանում շատերն են սպասում։ Հասարակության և քաղաքական ընդիմության համար պարզ չէ, թե ինչու չի չեղարկվում պարետային ժամը։
«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ռոման Գոցիրիձեն, ասում է, որ պարետային ժամի պահպանումը տնտեսության բացումից հետո համոզիչ և տրամաբանական չէ։ Նա կարծում է, որ արտարժույթի փոխանակման կետերը նույնպես պետք է բացվեն․
«Ի՞նչն է խանգարում բացել արտարժույթի փոխանակման մոտ հազար կետերը երկրում։ Այսօր 4 հազար մարդ անգործ տանը նստած է, և մեր քաղաքացիների մեծ մասը ստիպված է իր մեծ ջանքերով վաստակած գումարները փոխանակել բանկերում շատ ոչ շահեկան փոխարժեքով»։
«Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն կարծում է, որ Վրաստանում հանրային տրանսպորտը պետք է վերսկսի աշխատանքը․
«Առևտրային կազմակերպությունների մեծ մասը բացվում է, մարդիկ կարող են աշխատանքի գնալ, սակայն մենք մինչև հիմա չգիտենք, թե ինչու է մեզ մոտ պարետային ժամ։ Մենք հանրային տրանսպորտի մասին ոչնչ չգիտենք։ Սակայն Եվրոպայում չափանիշներ կան, որոնց պահպանման դեպքում հանրային տրանսպորտը սկսում է աշխատել։ Օրինակ՝ եթե պահպանվում է նստած ուղևորների միջև հեռավորությունը»։
Սակայն որոշ քաղաքացիներ սահմանափակումների արագ չեղարկման հետ կապված մտավախություններ ունեն․
«Մենք չենք սիրում կանոններին հետևել։ Վախենում եմ, որ մեզ մոտ ավելի վատ չլինի, քան Գերմանիայում, և որ վարակվածների թիվը չաճի սահմանափակումների չեղարկումից հետո», — գրում են նրանք Ֆեյսբուքում։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է 2020 թ–ի փետրվարի 26–ին։ Մարտի 21–ին Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ 31–ից՝ համընդհանուր կարանտինի ռեժիմ։