Հայաստանում դիմակ չունենալու համար նախատեսված տուգանքի չափը ամենաթանկն է
Հայաստաում կորոնավիրուսի արագ տարածմամբ պայմանավորված՝ կառավարության որոշմամբ արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 30 օրով՝ մինչև հուսինի 16-ը: Չնայած նրան, որ պարետի որոշմամբ մայիսի 18-ից կգործի հասարակական տրանսպորտը, կբացվեն մանկապարտեզները, առևտրի իրականացման վայրերը և այլ օբեկտներ, սակայն միաժամանակ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանվեցին մի շարք վարքագծի կանոններ քաղաքացիների և տնտեսական գործունեությամբ զբաղվող կազմակերպությոնների համար: Կանոններից մեկը, որը մեծ ռեզոնանս արաջացրեց հասարակության մոտ՝ ՀՀ պարետի N 74 որոշմամբ սահմանված՝ հանրային բաց տարածքներում դիմակի առկայության պարտադիր լինելն է: Սակայն զարմանալին և զավեշտալին ոչ այնքան դիմակների պարտադիր լինելն է, որքան այն խախտելու դեպքում նախատեսված տուգանքի չափը: Այսպիսով. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի խոսքով տուգանքի չափի մեկնարկային շեմը կլինի 100 հազար դրամ՝ շուրջ 210 ԱՄՆ դոլար:
Ուսումնասիրելով տարբեր պետություններում գործող կարգավորումները, մասնավորապես, դիմակը չկրելու դեպքում նախատեսված տուգանքների չափերը ունենք հետևյալ պատկերը.
Ֆրանսիա
Ֆրանսիայում մայիսի 11-ից հասարակական տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր է, այս կանոնը խախտելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 135 եվրոյի չափով, որը կազմում է շուրջ 70.000 դրամ: Սակայն, միաժամանակ, դիմակ չունենալու պարագայում քաղաքացիներին բաժանում են դիմակներ՝ փորձելով ապահովել բոլորին անհրաժեշտ պաշտապանիչ միջոցներով: Ֆրանսիայում իշխանությունները պետական միջոցներով գնել են դիմակներ, և բաժանվել է շուրջ 10 մլն. դիմակ:
Գերմանիա
Ապրիլի 27-ից Գերմանիայի տասնհինգ դաշնային նահանգներում դիմակի առկայությունը նախապայման է դարձել հասարակական վայրեր այցելելու և հասարակական տրանսպորտից օգտվելու համար, իսկ ապրիլի 29-ին այս օրենքն ուժի մեջ է մտել տասնվեցերորդ նահանգում` հյուսիսային Շլեսվիգ-Հոլշտեյնում: Օրինակ Բավարիայում սովորական բնակիչը հասարակական վայրերում առանց դիմակի գտնվելու պարագայում կարող է տուգանվել 150 եվրոյի չափով շուրջ 78.000 դրամով: Իսկ Ռայլանդ Պֆալցում նույն խախտումները անելու դեպքում քաղաքացիաները կտուգանվեն 10 եվրոյի չափով (շուրջ 5.200 դրամ), Մեքլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում՝ 25 եվրոյի չափով (13.000 դրամ) և այլն: Բեռլինի խանութներում դիմակ կրելը խորհուրդ է տրվում, սակայն հասարական տրանսպորտում պարտադիր է: Մայրաքաղաքում, Բրեմենում, Ստորին Սաքսոնիայում, Բրանդենբուրգում և մի շարք այլ հողերում տվյալ խախտումների համար բնակիչները չեն տուգանվելու:
Հունաստան
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Հունաստանում հանվել են մի շարք սահմանափակումներ և միաժամանակ սահմանվել նոր վարքագծի կանոններ: Սակայն ի տարբերություն Հայաստանի՝ Հունաստանի պատկան մարմինները դիմակ չունենալու պարագայում սահմանել են 150 եվրոյի չափով տուգանք՝ շուրջ 78.000 դրամ: Հունաստանի փոխվարչապետ Ստելիոս Պետսասը նշել է, որ դիմակ կրելը պարտադիր կլինի ավտոբուսներում, տրոլեյբուսներում, տրամվայներում և մետրոյում, ինչպես նաև վարսավիրանոցներում և այլ հաստատություններում, որտեղ կա մարդկանց անմիջական շփում: Այս պահանջը վերաբերում է ինչպես հաճախորդներին, այնպես էլ աշխատողներին:
Ռուսաստանի Դաշնություն
Ռուսաստանի Դաշնությունը ևս հետ չի մնում սահմանափակումներ և դիմակներ կրելու պարտականությունը սահմանելիս: Ինչպես նշել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբինյանինը, ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայում մայիսի 12-ից պարտադիր է դիմակ կրել հասարակական տրանսպորտում, տաքսիներում, առևտրի կենտրոններում և աշխատանքային վայրերում: Առանց դիմակի հասարակական վայրերում գտնվելու համար տուգանքը կկազմի 4 հազար ռուբլի, տրանսպորտում ՝ 5 հազար ռուբլի: Սակայն ինչպես տեղեկացրել է քաղաքային վերահսկողության գլխավոր վարչության պետ Եվգենիյ Դանչիկովը իշխանությունները դեռ չեն տուգանել այն քաղաքացիներին, ովքեր հասարակական վայրերում չեն կրում դիմակներ և չեն հագնում ձեռնոցներ: Նրա խոսքերով «անցումային շրջանում» դեռ բացատրական աշխատանքներ են ընթանում քաղաքացիների հետ: ՌԴ-ի «երկրորդ» մայրաքաղաք՝ Սանկտ Պետերբուրգում «պարտադրված» կարանտինային արձակուրդների ավարտից հետո ներդրվում է պարտադիր «դիմակի և ձեռնոցի» ռեժիմ: Նրանց համար, ովքեր գտնվում են հասարակական վայրում առանց պաշտպանիչ միջոցների, քաղաքային իշխանությունները նախատեսել են տուգանք 4 հազար ռուբլիի չափով: ՌԴ-ի ևս մի քանի դաշնային սուբյեկտներում գործում է «դիմակ կրելու» ռեժիմը:
Ադրբեջան
Ադրբեջանում դիմակներ չկրելու համար վարչական պատասխանատվություն նախատեսված չէ, սակայն ինչպես նշում է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության պատասխանատուն, ոստիկանության գնդապետ Էհսան Զահիդովը առանց դիմակների անձանց չի թույլատրվում օգտվել հասարակական տրանսպորտից:
Թուրքիա
Հարևան Թուրքիայում ևս դիմակ չունենալու կամ չկրելու համար նախատեսված չէ տուգանք, քաղաքացիները անգամ հնարավուրություն ունեն անվճար ստանալ դիմակներ համապատասխան հարցում ուղարկելով:
Վրաստան
Վրաստանում՝ մայիսի 17-ից փակ տարածքներում բժշկական դիմակներ կրելը պարտադիր է դառնում: Այն կանոնը խախտելու դեպքում պատասխանատվությունը կրելու են իրավաբանական անձինք՝ 15 հազար լարիի չափով (մոտ 4,7 հազար ԱՄՆ դոլար): Այս մասին ասել է վարչապետի արտաքին գործերի հարցերով խորհրդական Իրակլի Չիկովանին:
Հաշվի առնելով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը, դիմակների արժեքը (միջինում 200-300 դրամ) և տուգանքի չափը, կարող ենք փաստել, որ նոր նախատեսվող տուգանքի չափը ոչ միայն գերազանցել է մի շարք երկրներում նախատեսվող և նախատեսված տուգանքի չափերին, այլ նաև իրավական տեսյանկյունից համաչափ չէ տվյալ վարքագծի կանոնը խախտելու պարագայում: