Այս շաբաթ Վրաստանի խորհրդարանը արագացված կարգով կքննարկի և կհաստատի վարչական իրավախախտումների և քրեական օրենսգրքի փոփոխությունների մասին օրինագիծը, որի համաձայն.
- Հանրային փակ տարածքներում դիմակ կրելու կարգի խախտման համար ֆիզիկական անձը կտուգանվի 50 լարիով (մոտ 17 դոլար),
- Միաժամանակ իրավաբանական անձը, որը թույլ կտա իրեն պատկանող փակ հանրային տարածքում առանց դիմակ քաղաքացու մուտքը, տուգանվելու է 500 լարիով (մոտ 170 դոլար):
- 50 լարիով տուգանվելու են նաև առանց դիմակի հանրային տրանսպորտից օգտվող ուղևորները, խոսքը նաև մետրոյի մասին է: Ավտոբուսի վարորդը նույնպես պարտավոր է դիմակով լինել, տուգանքը 50 լարի է
- Տաքսիների դեպքում և ուղևորը և վարորդը պարտավոր են կրել դիմակ:
Փոփոխությունները վերաբերում են նաև կարանտինի կարգը խախտելուն: Այս դեպքում ֆիզիկական անձը տուգանվելու է 2 հազար լարիով (մոտ 690 դոլար), իրավաբանականը՝ 10 հազար լարիով (մոտ 3,400 դոլար):
Բժշկական դիմակ կրելու կարգը խախտող անձը 50 լարիի փոխարեն հնարավոր է, տուգանվի 20 կամ 30 լարիով,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Անրի Օխանաշվիլին:
Ինչպես նշել է Անրի Օխանաշվիլին, մեծամասնության անդամների դիրքորոշումն է, որ 50 լարին չպետք է լինի կայուն ֆիքսված:
«Մենք կոմիտեին կբարձրացնեն հարց, որ տուգանքը լինի ոչ թե 50, այլ՝ 20-30 լարիի չափով: Մեր խնդիրն է պաշտպանել հասարակության առողջությունը, որպեսզի առավելագույնս կասեցնենք կորոնավիրուսի տարածումը: Այդ առիթով, բժշկական դիմակը կարևորագույն բաղադրիչներից է, որ յուրաքանչյուր անձ հանրային փակ տարածքում պետք է պարտադիր կրի դիմակ: Բացի այդ, կոնկրետ իրավաբանական անձը պետք է վերահսկի, որպեսզի անձն առանց բշկական դիմակի մուտք չգործի հանրային տարածք»,- հայտարարել է Անրի Օխանաշվիլին: