Գնահատման թեստավորման կենտրոնը հրապարակել է 2020 թ. միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների։ Քննությունները կմեկնարկեն հուլիսի 2-ին Օտար լեզուներ առարկայից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն), հուլիսի 4-ին կստուգվեն դիմորդների գիտելիքները Հայոց պատմություն, Աշխարհագրություն, Քիմիա, հուլիսի 6-ին՝ Մաթեմատիկա, իսկ հուլիսի 8-ին՝ Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա առարկաներից։
Փաստենք, որ կորոնավիրուսի պատճառով ՀՀ-Վրաստան սահմանի փակ լինելու և միջպետական երթևեկության դադարեցման հետևանքով մի քանի տասնյակ ջավախահայ դիմորդներ բաց նամակ են գրել ՀՀ պատկան մարմիններին և խնդրել, որ իրենց հնարավորություն տրվի մասնակցել քննություններին:
Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ կառավարությունից տեղեկացրին, որ արդեն առկա է Պարետատան համապատասխան որոշումը, ըստ որի՝ մինչ հունիսի 15-ը առցանց դիմում ներկայացրած և արտերկրում գտնվող դիմորդները, որոնց թվում նաև՝ ջավախահայ 69 դիմորդներ, կարող են առանց 14-օրյա կարանտինային ռեժիմի մուտք գործել ՀՀ և մասնակցել քննություններին:
Ինչ վերաբերում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և Գ. Վ. Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի հայտարարություններին՝ առ այն, ներկայումս համալսարաններում առցանց (online) ձևաչափով կազմակերպվում են թե՛ դիմումների ընդունումը, թե՛ քննությունների հանձնման գործընթացը, ապա պետք է փաստել, որ վերոնշյալ բուհերը գործում են միջազգային պայմանագրերով, իրենք են որոշում իրենց քննությունների առցանց կամ այլ ձևաչափով կազմակերպման գործընթացը (ինչի մասին խոսել են իրենց հայտարարություններում), և կառավարության կամ Պարետատան որոշումներն այս բուհերի հետ, բնականաբար, չի առնչվում:
Ջավախահայ դիմորդները նախօրոք պետք է վրաց-հայկական սահմանը հատելու օրվա մասին տեղեկություն ներկայացնեն, իսկ Հայաստանից վերադառնալուց հետո 14 օր ինքնամեկուսացվեն: Ընդգծենք, որ թվով 69 ջավախքցի դիմորդի հնարավորություն է տրվում հուլիսի 2-ից 8-ը Հայաստանում մասնակցել ընդունելության ազգային միասնական քննություններին:
Հայաստանի հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Վրաստանի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ապահովելու Վրաստանի քաղաքացի շուրջ 70 դիմորդների մուտքը Հայաստանի Հանրապետություն:
Մինչև հունիսի 15-ն առցանց դիմումներ ներկայացրած դիմորդները Հայաստանի պարետի թույլտվությամբ կկարողանան մուտք գործել Հայաստանի Հանրապետություն առանց 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի կիրառման:
Սակայն Վրաստան վերադառնալիս պարտադիր դիմորդները պետք է ինքնամեկուսացվեն՝ համաձայն Վրաստանում գործող կանոնների:
Ջավախքցի դիմորդները պետք է շտապ տեղեկացնեն Վրաստանի և Հայաստանի սահմանը հատելու, ինչպես նաև Վրաստան վերադառնալու ժամկետների մասին.
– Վրաստան և Հայաստան սահմանակետի անցում՝ օր, ամիս
– Հայաստան և Վրաստան սահմանակետի անցում՝ օր, ամիս
Տեղեկությունն անհրաժեշտ է ներկայացնել
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
էլ.փոստին կամ հայտնել +37410 57 63 96 հեռախոսահամարով: Հարցերի կամ լրացուցիչ տեղեկության համար կարող են կապ հաստատել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակից Գայանե Գևորգյանի (բջջ. +37494 120 120) և Թերեզա Հալաջյանի (բջջ. +37443 517 518, էլ. հասցե՝
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
) հետ:
Jnews-ն օրեր առաջ «Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստան ընդունվելու հնարավորությունից» վերտառությամբ նյութ էր հրապարակել, որում նշված էր, որ Ջավախքի դիմորդները դիմում են Հայաստանի համապատասխան գերատեսչություններին՝ խնդրանքով, որ իրենց հնարավորություն տրվի մասնակցել ազգային միասնական քննություններին: Քանի որ, կորոնավարակով պայմանավորված փակ է հայ-վրացական միջպետական սահմանը և չեն կարողանում Հայաստանում մասնակցել ազգային միասնական քննություններին: